Մատչելիության հղումներ

Վրաստանը փորձում է ռուս խաղաղապահներին փոխարինել միջազգային ուժերով


Վրաստանը Եվրամիության հետ սկսել է քննարկել իր անջատողական տարածաշրջաններում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորումները միջազգային խաղաղապահներով փոխարինելու հարցը:

Եվրոպական երկրներ այցի արդյունքում, Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն հույս է հայտնել, որ իրենց ծրագրերը հավանության կարժանանան Եվրոպայի կողմից, եւ «հակամարտության գոտիներում իրական խաղաղապահ գործընթաց կսկսվի»:

«ՄԱԿ-ը իր վերջին զեկույցում արձանագրել էր, որ Աբխազիայի օդային տարածքում ապրիլի 20-ին վրացական ինքնակառավարվող հետախուզական օդանավը վայր են գցել ոչ թե աբխազները, այլ ռուսական մարտական օդանավի արձակած հրթիռը: Այս միջադեպը, ինչպես նաեւ ռուսական զորամիավորումները Աբխազիայի տարածք մտցնելը, անջատողական տարածաշրջանների եւ այդ երկրի միջեւ հարաբերությունների սերտացումը վկայում են, որ Ռուսաստանը չեզոք դիրքերում չէ եւ չի կարող միջնորդ հանդիսանալ», - ընդգծել է նախարարը` հավելելով, թե դա Եվրոպան շատ լավ գիտե:

«Մենք նաեւ առաջնահերթ ենք համարել, որ վրաց փախստականները Աբխազիա վերադառնան այն ժամանակ, երբ տարածքը կվերահսկեն եվրոպացի ոստիկանները: Որովհետեւ այս պահին այնտեղ գտնվող ռուս խաղաղապահները ի վիճակի չեն ապահովել մարդկանց նույնիսկ տարրական իրավունքները», - հայտարարել է Բարամիձեն:

Ի պատասխան` ռուսական կողմը Վրաստանի գործողությունները «սադրանք» է որակել:

«Վրաստանի գործող իշխանությունների հետ դժվար է ինչ-որ հարցում համաձայնության հասնել», - երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը:

«Չեմ հասկանում, թե ինչ է վրաց իշխանությունների ուզածը: Ես տեսնում եմ, որ Թբիլիսին միայն սադրանքներ հրահրելով է զբաղված», - ամփոփել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG