Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը մերժել է Հանրային խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկը


Հայաստանի առաջին նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը ուրբաթ օրը մերժել է նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Հանրային խորհրդում ընդգրկվելու առաջարկը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նշված խորհրդի ձեւավորման աշխատանքային խմբում ընդգրկվելու հարցը կարող է քննարկման առարկա դառնալ միայն` երբ կատարվեն իրենց ներկայացրած նախապայմանները` ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, չեղյալ հայտարարվեն հանրահավաքների մասին օրենքում կատարված փոփոխությունները, անկախ հետաքննություն իրականացվի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:

«Մեր դիրքորոշումը շատ պարզ է` երկիրը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ, այդ քաղաքական ճգնաժամից ելնելու համար անհրաժեշտ է երկխոսություն իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, որի ժամանակ մենք փոխհամաձայնեցված լուծումներ կգտնենք այս քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար», - ասաց Զուրաբյանը` հավելելով. - «Բայց մինչեւ այդ երկխոսությունը սկսվի, գոյություն ունեն շատ հստակ ձեւակերպված նախապայմաններ, ընդ որում` ձեւակերպված են դրանք Եվրոպայի խորհրդի կողմից: Մենք անգամ ավելի ճկուն ենք, քան Եվրոպայի խորհուրդը. մենք ասում ենք, որ պատրաստ ենք երկխոսության այն բանից հետո, երբ ազատ կարձակվեն բոլոր քաղաքական բանտարկյալները»:

Այլ մոտեցումը, նրա ձեւակերպմամբ` «անբարոյական կլիներ». - «Եթե մենք նստենք բանակցությունների սեղան, եւ մեր ընկերները դեռ անազատության մեջ լինեն, դա կնշանակի, որ իշխանությունները մեզ ներքաշել են պատանդների առեւտրի մեջ: Այսինքն` նրանք ամեն մի պատանդին ազատելու համար մեզանից պետք է քաղաքական փոխզիջում կորզեն: Նման անբարոյական առեւտրի մեջ մենք չենք ներքաշվելու»:

«Ինչ վերաբերում է այդ Հանրային խորհրդին, կամ որեւէ այլ հարցի, ապա դա նրանց կողմից առաջարկված լուծումներն են քաղաքական ճգնաժամի: Մենք էլ ունենք մեր կողմից առաջարկված լուծումներ. օրինակ` արտահերթ նախագահական ընտրություններ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս բոլոր հարցերը մենք կարող ենք քննարկել, բնականաբար, նշված նախապայմանների կատարումից հետո», - շարունակեց նա` եզրափակելով, թե երկխոսությունը, որի մասին շատ են խոսում իշխանությունները, նշանակում է, որ իշխանության եւ ընդդիմության կողմից լիազորված ներկայացուցիչները պետք է բանակցությունների սեղանի շուրջ քննարկեն փոխհամաձայնեցված լուծումներ: - «Այդ ֆորմատից դուրս որեւէ բան երկխոսություն համարվել չի կարող... Երկխոսություն` դա բանակցություն է, որը տալիս է արդյունքներ... Մինչեւ քաղբանտարկյալները չազատվեն, Հայաստանում լարվածության թուլացման մասին խոսք չի կարող լինել»:

Ավելի վաղ Հայաստանի նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Հանրային խորհրդի ձեւավորմանն ուղղված քննարկումների շրջանակում դիմելու են նախագահի բոլոր նախկին թեկնածուներին, նախկին նախագահներին, արտախորհրդարանական եւ խորհրդարանական ընդդիմադիր ու իշխանամետ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին:

Իսագուլյանը չբացառեց ստեղծվելիք Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնում ընդդիմադիր գործչի (օրինակ` Լեւոն Տեր-Պետրոսյանի) թեկնածության առաջարկվելու հնարավորությունը. - «Խնդրեմ: Թող անձամբ ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը գա (ոչ թե ներկայացուցիչ ուղարկի, գա ինքը` անձամբ), մասնակցի այս Հանրային խորհրդի ձեւավորման գործընթացներին, անի առաջարկություններ, մենք ստեղծենք մի կարգ, ըստ որի ինքը կարող է դառնալ այդ Հանրային խորհրդի ղեկավար»:

Գառնիկ Իսագուլյանը ասաց, թե հաջորդ շաբաթ եւս մեկ անգամ դիմելու է առաջին նախագահի գրասենյակին:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG