Մատչելիության հղումներ

Թուրքիայի հասարակական կազմակերպությունները «հրատապ չեն համարում» Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը


Թուրքիայում մի շարք հասարակական կազմակերպությունների շրջանում անցկացված հարցման արդյունքներով, դրանցից շատերի ներկայացուցիչների պնդմամբ, Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրը հրատապ չի ընկալվում:

ԱՄՆ-ի Զարգացման գործակալության եւ «Եվրասիա» հիմնադրամի մասնակցությամբ անցկացված «Գլոբալ մարտահրավերներ եւ սպառնալիքներ. հնարավո՞ր են արդյոք միասնական ջանքեր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ» միջազգային գիտաժողովում ստամբուլցի վերլուծաբան Դիբա Նիգար Գոկսելը նախ ասաց, որ իրենց անցկացրած հարցումը, թեեւ չի արտացոլում երկրի ողջ հասարակության կարծիքը, սակայն որոշ հետաքրքիր շեշտադրումներ, այդուհանդերձ, պարունակում է:

Շատ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, օրինակ, հրաժարվել են պատասխանել Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցերին` պատճառաբանելով, թե դա «իրենց ոլորտը չէ»: Այն կազմակերպությունները, որոնք համաձայնել են լրացնել հարցաթերթիկը, ցանկացել են, որ իրենց կազմակերպության անվանումը չհրապարակվի, ինչի պատճառներից է, ըստ Գոկսելի, այն, որ նրանք զգուշավոր են «հասարակության հնարավոր արձագանքների առումով»:

Հարցման հիմնական եզրակացությունը Գոկսելը այսպես ձեւակերպեց. - «Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրը Թուրքիայում չի ընկալվում որպես հրատապ խնդիր»:

Չորս տարբեր պատասխաններ են ստացվել հարցին, թե ինչու է փակ հայ-թուրքական սահմանը. Հայաստանն աջակցում է սփյուռքահայության կամպանիային Թուրքիայի եւ թուրք ժողովրդի դեմ, Հայաստանն ունի փաստաթղթեր, որտեղ Արեւելյան Անատոլիան ներկայացվում է որպես Հայաստանի տարածք, եւ Հայաստանը չի ճանաչում Թուրքիայի սահմանները, Հայաստանի իշխանությունները եւ հասարակությունը համարժեք չեն արձագանքում ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) կողմից կազմակերպված սպանություններին, Ղարաբաղյան խնդիրը եւ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գրավումը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG