Մատչելիության հղումներ

Խորհրդարանը սկսեց քննարկել զանգվածային միջոցառումների մասին օրենքի փոփոխությունները


Ազգային ժողովը այսօր սկսված հերթական քառօրյայի գրեթե ամբողջ նիստը նվիրեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագծին, որը հեղինակել է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը՝ եվրոպացի փորձագետների հետ միասին:

Այս փոփոխություններով, օրինակ, զանգվածային միջոցառումն արգելելու համար պետք է համապատասխան մարմիններից հիմնավորված հավաստի տվյալներ ստացվեն, որ միջոցառումը սպառնում է պետական կարգին կամ անվտանգությանը, այլոց անվտանգությանը եւ այլն: Արգելքի որոշումը կարող է բողոքարկվել, դատարանն այն քննում ու վճիռ է կայացնում քսանչորս ժամում:

Նախագծով նաեւ հանվում է մարտին ընդունված դրույթը, որ զանգվածային միջոցառմանը զոհեր լինելու դեպքում միառժամանակ կարող են արգելվել այդպիսիք: Վերականգնվում է մարտյան լրամշակման ժամանակ մայր օրենքից հանված «ինքնաբուխ հանրահավաք» հասկացությունը, բայց այն վեց ժամից ավելի տեւել չի կարող, շարունակվելու դեպքում արդեն իրազեկման կարգն է գործում:

Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ մի նրբություն կա. հանձնաժողովի փորձագետները, այնուհանդերձ, ուշադրություն են հրավիրում, որ ինքնաբուխ հանրահավաք կազմակերպելը չպետք է համարվի միջոց՝ իշխանություններին իրազեկելու պահանջը շրջանցելու համար:

«Ժառանգություն» խմբակցությունը պնդում է, որ մայր օրենքում չեղյալ համարել այն վերին աստիճանի իրավիճակային եւ իրավունքները սահմանափակող նորմերը», - քննարկման ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Խմբակցության բոլոր 7 պատգամավորները դեմ են քվեարկելու օրինագծին:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու: «Որովհետեւ», - փաստարկեց նա, - «մարտի 17-ին մենք կատարեցինք ակնհայտ հետքայլ… Այն, ինչ մենք անում ենք հիմա, մենք ընդամենը կես կամ երեք քառորդ քայլով վերադառնում ենք այն ստատուս քվոյին, որը գոյություն ուներ մինչեւ մարտի 17-ը»:

Հանրապետական խմբակցության անունից նախագծին կողմ արտահայտվեց նաեւ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը:

Նախագիծը առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը: Երկրորդ եւ ամբողջովին ընթերցումը կկազմակերպվի հունիսի սկզբին` այս նստաշրջանի վերջին քառօրյայում:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG