Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ». - «Հայոց նորագույն պատմության ընթացքում չի եղել մի դեպք, երբ հայաստանյան քաղաքական հակադիր ճամբարները երկխոսության գնան իրար հետ: Քաղաքական բոլոր կատակլիզմների ընթացքում անգամ, երբ երկիրն իսկապես շատ լուրջ իրադրություններում է հայտնվել, նման երկխոսություն տեղի չի ունեցել: «Ստացիոնար» պայմաններում երկխոսության հիմնական տրամաբանությունը իշխանությունների համար կայանում էր հետեւյալում. «իշխանությունն իմն է, ինչո՞ւ ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան քննարկեմ, եթե կարող եմ չքննարկել, իսկ եթե պետք եղավ` գլուխը կջարդեմ»: Ընդդիմության համար երկխոսության հիմնական նպատակն ու բովանդակությունն էլ, որպես կանոն, ծախվելու համար հարմար գին որոշելն էր: Ընդ որում, այդ պրոցեսն այնքան է այլանդակվել, որ մեր օրերում որեւէ մեկին չես կարող զարմացնել արտահայտությամբ, թե` «սրան հաստատ իշխանություններն առել են»: Մեզ մոտ նույնիսկ ծախվելու թվերն էին մամուլում հրապարակվում, մանրամասներ, թե որտեղ, ում տանը, ինչ պայուսակով է գումարը տրվել... Նման պայմաններում երկխոսության իմաստն է ընդհանրապես վերանում»:

«Առավոտ». - «Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստան մարտի 12-15-ն այցելության վերաբերյալ իր հատուկ առաքելության զեկույցում նշում է. - «Հանձնակատարին տեղեկացրել են, որ որոշ հիվանդանոցներ մերժել են օգնություն ցուցաբերել կամ չեն ընդունել մի քանի քաղաքացիների, ովքեր բժշկական օգնություն են խնդրել մարտի 1-ի բախումներից հետո: Բացի այդ, հանձնակատարին տեղեկացրել են, որ դեպքեր են եղել, երբ հիվանդանոցից դուրս գրված անձանց անմիջապես ձերբակալել են»:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնում. - «Նախագահի աթոռը մեկն է: Կռիվը մեկ աթոռի համար է, որին միայն մեկը կարող է նստել: Հետեւաբար երկխոսության կամ բանակցությունների առարկա, թեմա չեմ տեսնում: Այլ բան է, եթե Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները ինչ-որ խնդիրներ մատնանշող ցուցակ են ներկայացնում: Ասենք, օրինակ, ցանկանում են լուծել չքավոր, աղքատ սոցիալական խմբերի առաջ ծառացած խնդիրները եւ իշխանությանը ասում են` մենք այս հարցն ենք փորձում լուծել, իսկ դուք ինչով կարող եք մեզ օգնել, որ արագ լուծվեն դրանք: Այսպես պետք է ընդդիմությունը գործի` իր լուման ներդնելով երկրի զարգացման գործում: Իսկ մեզ մոտ ինչպե՞ս է` ասում են` իշխանությունը տուր ինձ, այ տես թե ոնց կկառավարեմ: Իշխանությունը ձեռքիդ էր ժամանակին` էհ կառավարեիր: Եթե չես կարողացել, սա հո դպրոց չէ, որ վերաքննություն հանձնես, նստես դասարանում, որ նորից փորձես ինչ-որ բան անել»:

«Ժամանակ Երեւան». - «Ռոբերտ Քոչարյանը իր բացառիկ հարցազրույցով պատասխանում էր ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին, այլ դա պատասխան էր ուղղված Սերժ Սարգսյանին, այսինքն` խոսք էր, որի իրական հասցեատերը Սերժ Սարգսյանն էր: Իսկ ով, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանն ամենից լավ գիտե, թե ինքն իր պաշտոնավարման վերջին շաբաթների գործողություններով ինչպիսի ծանր կացության մեջ է դրել Սերժ Սարգսյանին: Այնպիսի կացության, որ Սերժ Սարգսյանը կարող է նույնիսկ պատրաստ լինել հանձնել Ռոբերտ Քոչարյանին, միայն թե թուլացնի իր վրա ընկած համաժողովրդական եւ միջազգային ճնշումը»:

«Չորրորդ իշխանություն». - «Անդրադառնանք Տիգրան Սարգսյանի «նոր մոտեցումներին»: Իհարկե լավ է, որ իշխանությունները որոշել են մամուլի հրապարակումներն անարձագանք չթողնել: Բայց այդ դեպքում հարց է ծագում` ինչո՞ւ այլ հրապարակումների չեն արձագանքում: Օրինակ, բազմիցս նշվել է, որ ժամանակին Տիգրան Սարգսյանի «թեթեւ ձեռքով» Հայաստանի ոսկու պաշարն ամբողջովին վաճառվել է (եթե չենք սխալվում, ունցիան մոտ 400 դոլարով), իսկ հիմա ոսկու ունցիան արժե 870 դոլար: Այսինքն` այդ գործարքի արդյունքում Հայաստանը հսկայական վնաս է կրել: Գուցե արժեր հանձնաժողով ստեղծել եւ պարզե՞լ այդ հրապարակումների «իսկությունը»: Ուրիշ օրինակ բերենք: Արդեն քանի տարի է` որեւէ մեկը չի կարողանում պարզել, թե ուր է կորել 260 միլիոն դոլարի անվճար գազի դիմաց սպառողներից գանձված գումարը: Տասնյակ հոդվածներ են հրապարակվել, ելույթներ են հնչել, իսկ 260 միլիոնը չկա ու չկա: Դե հանձնաժողով ստեղծեք»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG