Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Էլմար Մամեդյարովի եւ Մինսկի խմբի համանախագահների հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Ստրասբուրգում` Եվրախորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, ապա կայացել է ընդլայնված հանդիպում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի ներկայությամբ:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է, որ նախարարների հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, երկու նախարարները կարծիքներ են փոխանակել Ղարաբաղի գործընթացի վերաբերյալ, ներկայացրել իրենց երկրների մոտեցումները եւ պայմանավորվել շարունակել բանակցությունները: Նախարարները նախագահներին կներկայացնեն քննարկման արդյունքները, եւ նախագահների կողմից կընդունվեն հետագա անելիքները:

Մինչ այդ նույն տեղում` Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում, Հայաստանի արտգործնախարարը հանդիպել էր Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են համանախագահների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա բանակցությունների շարունակման հետ կապված հարցեր: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով մինչ օրս համանախագահների գործունեությունը եւ գործադրած ջանքերը, հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու բանակցությունները լուծումներ գտնելու համար:

Հայաստանի արտգործնախարարը Ստրասբուրգում մասնակցում է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին: Երեքշաբթի օրը նա հանդիպումներ է ունեցել նաեւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի եւ Եվրախորհրդի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի անդամ-դեսպանների հետ:

Արտգործնախարարը Եվրախորհրդի պաշտոնյաներին վստահեցրել է, որ Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած թիվ 1609 բանաձեւի դրույթները գտնվում են երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ ներկայացրել է այդ բանաձեւում ամփոփված, ինչպես նաեւ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական կազմակերպությունների այլ առաջարկների իրագործման ուղղությամբ կատարվող քայլերը:

Քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր:


(Լուսանկարը` արտգործնախարարության)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG