Մատչելիության հղումներ

Դաշտային հրամանատարների խորհուրդը պահանջում է ազատ արձակել նախկին ազատամարտիկներին


«Հայաստանում շարունակվում են ոտնահարվել մարդու իրավունքները: Մարդիկ բերման են ենթարկվում, հետապնդվում ու ձերբակալվում անհիմն մեղադրանքներով, ինչը ստեղծում է անհանդուրժողականության եւ անվստահության մթնոլորտ: Հետապնդվում են մարդիկ, ովքեր անտարբեր չեն երկրի եւ ժողովրդի համար», - ասված է Դաշտային հրամանատարների խորհուրդի հայտարարության մեջ, որն այսօր լրագրողներին ներկայացրեց խորհրդի համակարգող, «Արցախ» գնդի նախկին հրամանատար Միքայել Ապրեսյանը:

«Այսպիսի իրականության մեջ մեր երկիրը չի կարող զարգանալ բնականոն հունով: Ավելին` կարող ենք կորցնել այն, ինչ մենք ձեռք ենք բերել ծանր կորուստների գնով: Սա կործանման տանող ճանապարհ է, ուստի մենք պահանջում ենք ազատ արձակել մեր մարտական ընկերներին եւ բոլոր քաղբանտարկյալներին», - ասված է հայտարարությունում:

Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, խոսելով նախկին ազատամարտիկների ձերբակալությունների մասին, ասաց. - «Ես չեմ պատկերացնում, որ իմ մարտական ընկեր Սասուն Միքայելյանը կարող էր մեր պետականության դեմ ինչ-որ ոտնձգություն անել: Այդ մարդը վիրավորվել է, արյուն է թափել այդ պետականության համար»:

Միքայել Ապրեսյանի պնդմամբ, մարտի 1-ին Ազատության հրապարակում գտնված ազատամարտիկների մոտ զենք չի եղել:

«Իշխանությունները շատ հմուտ, շատ մեծ ծախսերով, ինտրիգային բնույթ կրող օպերացիա էին մշակել, որը բերեց այս վախճանին», - հավելեց նա:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG