Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի առաջարկների իրագործման համար ստեղծված աշխատանքային խմբում «Ժառանգության» ներկայացրած թեկնածությունը մերժվել է


Նախագահ Սերժ Սարգսյանը մերժել է «Ժառանգություն» կուսակցության առաջարկը, որ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի առաջարկների իրագործման համար ստեղծված աշխատանքային խմբում ներկայացված լինի կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Իրենք սրանով հետեւյալ մասին հայտարարեցին` որ քաղաքական դաշտի դերակատարների մեջ ընդդիմությունը չկա», - ասաց Անահիտ Բախշյանը: - «Մերժման պատճառը չենք կարողանում ընկալել: Դա կլիներ քայլ դեպի երկխոսություն»:

Իշխող կոալիցիայի անդամ 4 կուսակցությունները կիրակի օրը հրապարակած հայտարարությունում ափսոսանք են հայտնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է մասնակցել աշխատանքային խմբի աշխատանքին: «Ժառանգություն»-ում նշում են, որ իրենց առաջնորդը հրաժարվել է մասնակցել աշխատանքային խմբի հավաքներին, որովհետեւ այս օրերին Հայաստանում չէր լինելու:

«Քայլերը, որոնք արվում են իշխանությունների կողմից իբրեւ թե ԵԽԽՎ-ի թիվ 1609 բանաձեւը իրականացնելու, իսկապես իմիտացիա է: Մինչ այսօր որեւէ լուրջ քայլ` հասարակությանը ցույց տալու համար, որ իրենք պատրաստ են մեր երկրում ժողովրդավարական արժեքները ներդնելու, իսկապես բացակայում է», - պնդեց Անահիտ Բախշյանը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով նախագահ, դաշնակցական Արմեն Ռուստամյանը, սակայն, ով նույնպես ընդգրկված է աշխատանքային այդ խմբում, որպես մերժման պատճառ մատնանշեց այն փաստը, որ Ստեփան Սաֆարյանը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ չէ, իսկ աշխատանքային խմբում ընդգրկված են միայն այն պատգամավորները, ովքեր աշխատում են նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում:

«Ձեւաչափը այդ աշխատանքային խմբի այնպիսին է, որ այդտեղ պետք է ներկա լինեն պատվիրակության անդամները, եւ դա ճիշտ ձեւն է: Պիտի լինի այն մարդը, որը այդ ամենի մեջ եղել է, եւ այնուհետեւ նաեւ մեզ սպասվում են քննարկումներ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, որ հենց միջից, աշխատանքների մեջ լինելով` կարողանա այս ամեն ինչն իրականացնել, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Եվրախորհրդում ներկայացնել», - ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

«Ինչո՞ւ հենց որ տեղը գալիս է աշխատելու, այդ ժամանակ սկսում ենք արդեն փոխարինողներ գտնել, այլ ձեւերով ինչ-որ տեղ շրջանցել: Սա իմ համար անընդունելի է», - հայտարարեց Ռուստամյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG