Մատչելիության հղումներ

Ոստիկանություն բերման ենթարկելու նոր դեպքեր` Մալաթիայում


Մարտի 1-ի դեպքերի հետ կապված` շաբաթ վաղ առավոտյան Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանություն բերման են ենթարկվել չորս անձինք, այդ թվում` Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Սամվել Թադեւոսյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ՀԺԿ-ի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը:

«Առավոտյան ժամը 7:30 եկել են [Թադեւոսյանի] տուն` առանց ծանուցագրի, եւ տարել են ոստիկանություն: Միայն երեկոյան բաց են թողել Սամվել Թադեւոսյանին, ավելին, օրվա ընթացքում զանգահարել են տուն եւ պահանջել են, որպեսզի փաստաթղթերը բերեն Սամվելի», - պատմեց Ռուզաննա Խաչատրյանը: - «Միգուցե վախեցնելու նպատակով` սպառնում էին, որ քրեական գործ կհարուցվի նրա նկատմամբ»:

Թադեւոսյանի եւ մյուսների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, սակայն, ըստ Ռուզաննա Խաչատրյանի, «այսօրվա վարչախումբը կարծես թե չի պատրաստվում կատարել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պահանջը, որոշումը, եւ այն հավաստիացումները, որ պատրաստ են ի կատար ածել, դա միայն իմիտացիա է, ինչպես ասում են` փափուկ բարձ են փորձում դնել ե’ւ հասարակության, ե’ւ Եվրախորհրդի գլխի տակ` օգտվելով այն հանգամանքից, որ Եվրախորհրդի որոշման մեջ շեշտված է, որ քաղաքական հայացքների համար ձերբակալվածներն անհապաղ ազատ արձակվեն»:

«Փաստորեն, ստացվում է, որ քաղաքական հայացքների համար ձերբակալվածների գործերը անհիմն են, եւ այս ձեւով փորձում են հիմնավորել ինչ-որ փաստեր: Մարդկանց ձերբակալել են, հետո փորձում են փաստեր հայթայթել, որպեսզի քրեական գործ հարուցեն եւ ասեն, որ քաղաքական բանտարկյալներ չեն, այլ քրեական հանցագործներ», - հավելեց ՀԺԿ-ի խոսնակը:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, ով շաբաթ օրը հետեւել է Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանություն բերման ենթարկվածների ճակատագրին, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց. - «Ես հանդիպեցի ոստիկանության պետի տեղակալ պարոն Հովհաննիսյանի հետ: Ինքը չհերքեց: Հարցրեցի` ինչ հիմքով, ասաց` «մարտի 1-ի չարտոնված միտինգներին մասնակցելու համար, կադրերում երեւացել են, բերում ենք, մի անհանգստացեք, երկու ժամ հետո բաց կթողնենք»: Բայց այդ «երկու ժամը» բավական երկար տեւեց: Երկրորդ անգամ երբ պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպեցի, ասաց` «դե հո մենակ ի՞նքը չի»: Այսինքն, ասացի, ուրեմն շատ են, ասաց` այո: Այդ շատը քանիսն են` ստույգ չգիտեմ, չորսը հաստատ գիտեմ: Նրանց բաց են թողել ուշ ժամի»:

Այս ամենը, ըստ Անահիտ Բախշյանի, անմիջական կապ ունի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործի հետ. - «Մալաթիայի տարածքից են հիմնականում բերում մարդկանց, որոնք ակտիվ են, որոնք քաղաքացիական ընդգծված կերպար ունեն: Եվ ես ենթադրում եմ, որ սա մտահղացման արդյունք է, որ կանչեն, ինչ-որ գործ թխեն պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ կապված: Եվ սա, ըստ երեւույթին, միայն այստեղ չի արվում, այլ բոլոր այն տեղերում, որտեղ այս պատգամավորներն ունեն համախոհներ»:

«Ինձ թվում է, փրփուրներից են կառչում, որովհետեւ պիտի ցույց տան ինչ-որ բանէ հայտարարել են, ասել են, որ ընդդիմությունը զենք բերեց, քիչ է մնում ասեն` զորք բերեց: Հիմնավորելու համար այսպիսի պարզունակ, չափից ավելի պարզունակ քայլերի են դիմում», - ամփոփեց ընդդիմադիր պատգամավորը:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG