Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չորրորդ իշխանություն»-ը նկատում է. - «Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե այսօր պետք է հասարակության ուշադրությունը հրավիրվի այն առաջնահերթ խնդիրների վրա, որոնք առաջ են քաշվել հանրապետության նախագահի կողմից: Տիգրան Սարգսյանը, սովորության համաձայն, ամեն ինչ թարս է ասում եւ անում: Ընդհանրապես, աշխարհում հակառակն է ընդունված. հասարակությունը բազմաթիվ խնդիրներ է ունենում, առաջ է քաշում այդ խնդիրները, եւ նախագահն ու կառավարությունն իրենց ուշադրությունը կենտրոնացնում են այդ խնդիրների վրա: Իսկ ըստ Տիգրան Սարգսյանի ստացվում է, որ նախագահը որոշում է լուծել ինչ-որ խնդիր, եւ դրանից հետո անհրաժեշտություն է առաջանում հասարակության ուշադրությունը կենտրոնացնել այդ խնդրի վրա»:

«Հայք»-ի պնդմամբ` «քաղբանտարկյալների նկատմամբ սկսված դատավարությունները ապացուցում են իշխանությունը բռնությամբ պահող վարչակազմի սնանկությունը»: «Նայելով դատավորների, դատախազների դեմքերին` զգացվում է, որ նրանք էլ են հասկանում, թե ավազակապետության պարագլուխների պատճառով ինչ անհեթեթ իրավիճակում են հայտնվել: Ավելին, դատարանի դահլիճում կարգ ու կանոնին հետեւող ոստիկանների գերակշիռ մասը չեն թաքցնում իրենց համակրանքը քաղբանտարկյալների նկատմամբ: Եվ այս իրավիճակում ռազմաոստիկանական վարչախումբը դեռ հույսեր է փայփայում, որ կկարողանա ժողովրդին եւ միջազգային հանրությանն ապացուցել, թե մարտի 1-ին եւ դրանից հետո ձերբակալվածները քրեական հանցագործներ են», - գրում է թերթը:

Նույն թեմայի առնչությամբ «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Մարտի 1-ի իրադարձություններից հետո հհշական մամուլի եւ լեւոնականների համառ ջանքերով Հայաստան անունը եւս տարբեր ատյաններում սկսեց արտաբերվել քաղբանտարկյալներ ունեցող երկրների համատեքստում։ Դասագրքային ճշմարտություն է՝ քաղբանտարկյալը նա է, ով դատապարտվում է իր քաղաքական հայացքների համար։ Իսկ այսօր մեզանում կա՞ն այդպիսիք, ովքեր դատապարտված են քաղաքական հայացքների համար։ Այսպես՝ ապրիլի 24-ի դրությամբ, 6 քրեական գործով արդեն դատավճիռ էր կայացվել։ 6 մեղադրյալներից 5-ը ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները եւ խնդրել, որ իրենց նկատմամբ արագացված դատաքննության կարգը կիրառվի։ Վերոհիշյալ անձանցից 3-ը նախկինում եղել են կրկնահանցագործներ։ Հարց է ծագում. այս անձի՞նք էլ են քաղբանտարկյալ։ Այսինքն՝ նախկինում մի քանի անգամ քրեական հանցագործություն կատարած, այսօր եւս քրեական հանցագործության համար դատապարտված, իրենց առաջադրված մեղքերն ընդունած մարդիկ քաղբանտարկյա՞լ են»։

«168 ժամ» թերթն այսօր մանրամասներ է հայտնում այն մասին, թե Հայաստանի 4 քաղաքացիներն ինչպես են հայտնվել Նախիջեւանի տարածքում: Խաչիկ գյուղում տեղակայված զորամասի զինծառայողներից մեկը գանգատվել է եղբորը, թե իրեն «նեղում» են: Եղբայրը ընկերների հետ ուղեւորվել է զորամաս: Այնտեղ վիճաբանություն եւ քաշքշուկ է սկսվել, ինչը կանխելու համար հրամանատարը նախազգուշական կրակոցներ է արձակել: Զորամաս ժամանած տղաները փախել են: Գերի ընկած Կարեն Թորոսյանի հայրը թերթի թղթակցին պատմել է. - «9 հոգին կալանավորված են, նրանց Եղեգնաձորում են բռնել, գործը քննչական վարույթում է, իսկ մեր տղաները սահմանն անցել են եւ հայտնվել են Նախիջեւանի տարածքում»: «168 ժամ»-ը նաեւ տեղեկացնում է, որ «ադրբեջանական կողմը ապրիլի 28-ի առավոտյան հաստատել է Հայաստանի քաղաքացիների՝ ադրբեջանական սահմանն անցնելու փաստը»:

«Առավոտ»-ը տեղեկացնում է. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի փոխարեն ԲՀԿ խմբակցության ցուցակը կհամալրի նախկին պատգամավոր, Դավիթաշեն համայնքի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանը: Շատ հնարավոր է, որ արդեն հաջորդ քառօրյայում հնչեն վերամբարձ բառերով հագեցած եւ, ով գիտի` գուցե նույնիսկ չափածո հայտարարություններ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG