Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը գլխավորեց ընդդիմության երթը դեպի հուշահամալիր


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ծիծեռնակաբերդի ստորոտում գլխավորեց իր կողմնակիցների երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ավելի վաղ մեծ թվով մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակի մոտ, որը շրջապատված էր ոստիկաններով: Նրանք շարժվեցին դեպի հուշահամալիր, խափանելով երթեւեկությունը Բաղրամյան պողոտայում: Երթի ընթացքում ոստիկանները չեն միջամտել, միջադեպեր չեն արձանագրվել:

Երթին մասնակցում էին «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, այլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ:

Արամ Սարգսյանը, երթի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրեց, որ այսուհետ շարունակվելու են հանրահավաքները. - «Որ օրը որ հանրահավաք թույլ տվեցին, եւ Lեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց գալ հանրահավաքի, հավատացեք, որ հարյուր հազարավոր մարդիկ նորից կանգնելու են հրապարակում ու պահանջելու են այս իշխանությունների հրաժարականը»:

Երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայով, Օրբելի փողոցով մինչեւ Մարզահամերգային համալիր ընկած ամբողջ ճանապարհին վանկարկում էին «Սերժիկ, հեռացիր», «Ազատ, անկախ Հայաստան», «Lեւոն, Lեւոն»:

Երբ բազմությունն անցավ Կիեւյան կամուրջը եւ թեքվեց դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք տանող ճանապարհի սկզբնամասը, եւ երթի մասնակիցներին միացավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բացականչություններն ու վանկարկումները դադարեցին, եւ հավաքվածները լուռ բարձրացան դեպի հուշահամալիր:

Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում ծաղկեպսակ եւ ծաղիկներ դնելով, բազմությունը շարժվեց «Հրազդան» մարզադաշտի ուղղությամբ: Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատան մոտ հրաժեշտ տվեց երթի մասնակիցներին եւ տիկնոջ հետ քայլերն ուղղեց դեպի տուն:

Իսկ հավաքվածները մի որոշ ժամանակ «Լեւոն» վանկարկելուց եւ ծափահարելուց հետո շարժվեցին դեպի Հաղթանակի կամուրջ, իսկ այնտեղից, աստիճանաբար ցրվելով, դեպի Հյուսիսային պողոտա:

Ոստիկանությունը որեւէ կերպ չմիջամտեց, թեեւ շրջակա փողոցներում շատ էին ոստիկաններն ու ոստիկանական մեքենաները:


Հովհաննես Շողիկյան եւ Ռուբեն Մելոյան

(Արխիվային լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG