Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց` ի պաշտպանություն Սմբատ Այվազյանի


Երեւանից ոչ հեռու գտնվող Հաղթանակ գյուղում, որը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, ներկայումս կալանավորված Սմբատ Այվազյանի հայրենի գյուղն է, հետընտրական զարգացումների արդյունքում կալանավորվածների հարազատների նախաձեռնությամբ այսօր անցկացվեց բողոքի ցույց` բոլոր կալանավորվածներին ազատ արձակելու պահանջով:

Բողոքավորների մեջ էր Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

«Ես նույնպես միանում եմ այդ պահանջին: Համոզմունքով ասում եմ, որ մեր երկրում կան քաղբանտարկյալներ, եւ որպես քաղաքացի պահանջում եմ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Պահանջում եմ կետ առ կետ, տառ առ տառ իրականացնել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս վերջին բանաձեւը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բախշյանը` նաեւ տեղեկացնելով, որ «Ժառանգություն» խմբակցությունը այսօր Գլխավոր դատախազին ներկայացրել է միջնորդագիր Սմբատ Այվազյանին ազատ արձակելու խնդրանքով. - «Միայն «Ժառանգություն»-ն է ստորագրել»:

Բողոքավորներին մի փոքր ուշացումով միացած «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Իրենք էլ [իշխանությունները] հասկանում են, որ [պետք է] ձերբակալեն այնպիսի մարդկանց, ովքեր հեղինակություն ունեն, դրանով փորձեն թուլացնել հասարակական, քաղաքական շարժման ընթացքը»:

«Բայց նման ակցիաները ցույցն են տալիս, որ դրանով հասարակությանն ավելի են լարում իրենց դեմ, դրանով իրենց եւ հասարակության միջեւ առանց այդ էլ գոյություն ունեցող անջրպետը էլ ավելի են խորացնում», - շարունակեց Արամ Սարգսյանը` հավելելով, որ չի կարող բացատրել իշխանությունների տրամաբանությունը. - «Ինձ Սմբատ Այվազյանից երեք անգամ ավելի շատ մեղարդանք է ներկայացված, բայց իմ խափանման միջոցը չբացակայելն է, իսկ Սմբատ Այվազյանի ընդամենը 0-ից 3 տարվա հոդված է, իսկ Սմբատ Այվազյանին կալանավորել են»:

Երկու օր առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է Այվազյանի կալանքի ժամկետը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG