Մատչելիության հղումներ

Ալի Բաբաջան. «Թուրքիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»


Թուրքիան ձգտում է երկխոսություն հաստատել Հայաստանի նոր իշխանությունների հետ` երկու երկրների հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

«Ես նամակ եմ ուղարկել Հայաստանի իմ նոր գործընկերոջը` ասելով, որ Թուրքիան պատրաստ է երկխոսություն սկսել` նոր դարաշրջանում հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ», - «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, այսօր ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

«Հայտնի է, որ մենք ունենք խնդիրներ, որոնցից մի քանիսը հարյուր տարվա վաղեմություն ունեն», - նշել է Ալի Բաբաջանը եւ հավելել. - «Սակայն այդ խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն երկխոսության ճանապարհով: Մեր դռները բաց են երկխոսության համար»:

Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հասցեագրված Բաբաջանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես ասված է. - «Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք միասին կկարողանանք օգտվել նոր քաղաքական իրողությունների ընձեռած հնարավորություններից՝ սկսելու իմաստալից եւ նպատակաուղղված երկխոսություն՝ հասնելու այն արդյունքին, որին մենք ձգտում ենք»:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: Հայաստանի ղեկավարները բազմիցս են հայտարարել, թե պատրաստ են նման հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:

Երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ շփումներ են եղել նախարարների եւ այլ պաշտոնյաների մակարդակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG