Մատչելիության հղումներ

Ջոն Պրեսկոտ. «Հայաստանի ժողովուրդն ու քաղաքական վերնախավը պետք է որոշեն՝ վերականգնո՞ւմ ենք հավատն ընտրական համակարգի նկատմամբ»


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» բանաձեւում նշված է, որ առաջ շարժվելու միակ ուղին քաղաքական ուժերի բաց եւ կառուցողական երկխոսությունն է, ինչի համար հարկ է անհապաղ սկսել մարտի 1-ի իրադարաձությունների անկախ հետաքննություն, ազատ արձակել առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց եւ անհապաղ վերացնել եւ ուժը կորցրած համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում վերջերս խորհրդարանի ընդունված փոփոխությունները:

Եթե այս պայմանները չապահովվեն եւ չլինի առաջընթաց, ապա ԵԽԽՎ-ն հունիսին կարող է Հայաստանի պատվիրակներին զրկել վեհաժողովում քվեարկելու իրավունքից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ զեկույցի համահեղինակ, փետրվարի 19-ի ընտրություններին ԵԽԽՎ մոնիտորինգի առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոթը ասել է, որ հունիսյան նստաշրջանից առաջ ԵԽԽՎ-ի պատվիրակները եւս մեկ անգամ կայցելեն Հայաստան՝ պարզելու համար, թե արդյո՞ք առաջընթաց կա այդ խնդիրներում:

«Ըստ էության, այն, ինչ մենք խնդրում ենք՝ բխում է Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի 2007 թվականի բանաձեւում ամրագրված համաձայնությունից: Մենք ողջունում ենք նախագահի պաշտոնամուտի ճառում այս բոլոր մտահոգություններին անդրադառնալու հավաստիացումը, դա մեկ քայլ առաջ էր», - ասել է Ջոն Պրեսկոտը:

Երկխոսության մասին Պրեսկոտն ասել է. - «Քաղաքացիական հասարակությունում բոլորը դրան պետք է մասնակցեն, դա կլինի առաջին քայլը, չի կարելի անվերջ ասել «ոչ, ոչ, ոչ»: Ես հուսով եմ, որ հնարավոր է սկսել հետաքննություն, որն ընդունելի կլինի բոլորի համար եւ կվերաբերի դառնությունների եւ վիրավորանքների առիթ դարձած բոլոր հանգամանքներին»:

«Եվ ես որոշ փորձ ունենալով եմ խոսում այդ ամենի մասին: Որովհետեւ Մեծ Բրիտանիայում շատ տարիներ առաջ՝ Հյուսիսային Իռլանդիայում եղել են մեր զինվորների կողմից մարդկանց վրա կրակ բացելու սարսափելի դեպքեր: Հյուսիսային Իռլանդիայում պետք էր համաձայնագիր կնքել եւ դա հաջողվեց, սակայն դրա համար անհրաժեշտ եղավ իրականացնել անկախ հետաքննոթյուն, դրա արդյունքն, ի դեպ, ամբողջությամբ դեռ հրապարակված չէ», - ասել է Պրեսկոտը եւ հավելել. - «Դա էր քաղաքացիական հասարակությանը միավորելու, տարաձայնության, հակամարտության, տեղի ունեցածի վերաբերյալ իրարամերժ պնդումների արդյունքում ի հայտ եկած դառնությունը դուրս հանելու միակ ձեւը»:

Պրեսկոտը նաեւ նշել է. - «Բայց մի բան լավ իմացեք, մենք որեւէ բան Հայաստանին չենք թելադրում: Մենք ընդամենը տալիս ենք մեր տեսակետն առ այն, թե ինչ է անհրաժեշտ անել, եթե դուք ցանկանում ենք շարունակել ձեր ընթացքը ավելի հաշվետու եւ դեմոկրատական ճանապարհով, որը դուք ընտրել ենք 2001-ին ստորագրելով Եվրոպայի խորհրդին անդամակցելու փաստաթուղթը»:

«Այժմ Հայաստանի ժողովուրդն ու ամբողջ քաղաքական վերնախավը պետք է որոշեն. առա՞ջ ենք գնում, վերականգնո՞ւմ ենք հավատն ընտրական համակարգի նկատմամբ, Հայաստանին տալի՞ս ենք ընտրած դեմոկրատիայի ճանապարհով ընթացքը շարունակելու հնարավորություն», - եզրափակել է Ջոն Պրեսկոտը:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ եւ Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG