Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Լիակատար համաձայնություն կա մեր եւ միջազգային փորձագետների միջեւ»


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանին երեկ տված հարցազրույցում հայտնել է, որ հանրահավաքների մասին փոփոխված օրենքի հարցում լիակատար համաձայնություն կա Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-֊ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագետների հետ:

Հայաստանի խորհրդարանում երեկ ավարտվեցին Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ֊/ԺՀՄԻ֊Գ-ի փորձագետների հետ քննարկումները՝ «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի շուրջ, այդ առիթով հուշագիր ստորագրվեց: Մինչեւ ապրիլի 25-֊ը փոփոխությունների նախագիծն ուղարկվելու է եվրոպական փորձաքննության:

Փորձագետները իրենց եզրակացությունում առաջարկել էին լրամշակել օրենքը մի քանի հիմնական խնդիր լուծելու նպատակով. հստակեցնել զանգվածային միջոցառման արգելման եզրակացության հավաստիությունը հաստատող հիմքերը, հստակեցնել իրազեկման քննարկման համար նախատեսված ժամկետները, սահմանել պայմաններ ինքնաբուխ միջոցառումների անցկացման համար:

Անդրադառնալով հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորվածներին, Տիգրան Թորոսյանն ասաց. - «Հուսով եմ, որ որեւէ մեկը չի ձերբակալվել առանց քրեորեն պատժելի արարքի»:

Խոսելով Հայաստանի առաջին նախագահի թիմի հետ երկխոսություն ծավալելու հնարավորության մասին, Ազգային ժողովի խոսնակը կարծիք հայտնեց. - «Այն պահվածքը, որը գոյություն ունի, ակնհայտորեն ցույց է տալիս, որ Լեւոն Տեր֊-Պետրոսյանը եւ իր գլխավորած քաղաքական ուժը երկխոսության նպատակ երբեք չեն ունեցել եւ այսօր էլ չունեն»:

Մինչդեռ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ առաջին նախագահը Սահմանադրական դատարանում արտասանած իր ճառում կողմ է արտահայտվել երկխոսությանը:

«Մինչդեռ իշխանությունների կողմից որեւէ քայլ՝ ուղղված երկխոսությանը, բացի դատարկ կոչերից, չի եղել», - հավելեց Մուսինյանը:


Ռուզան Խաչատրյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG