Մատչելիության հղումներ

Թոմաս Համմարբերգ. «Միայն քննադատության համար ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն»


Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ Ստրասբուրգում հրավիրած ասուլիսում ընդգծեց, որ իրենց առաջարկություններից մեկը Հայաստանի իշխանություններին այն է, որ բոլոր նրանք, ովքեր «ազատազրկվել էին միմիայն իրենց տեսակետները հայտնելու համար, պետք է ազատ արձակվեն»:

Նրա խոսքով, Հայաստանի քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրվում են հետընտրական զարգացումների կապակցությամբ կալանավորվածներից շատերը, մեծ ռիսկեր է պարունակում այն առումով, որ մարդիկ կարող են ազատազրկվել եւ դատապարտվել սոսկ իրենց քաղաքական հայացքների համար:

«Մենք ընդգծում ենք, որ անհրաժեշտ է խուսափել այն իրավիճակներից, երբ մարդիկ դիտարկվում են որպես պետության դավաճաններ կամ նման մի բան միայն նրա համար, որ մասնակցել են հակակառավարական ցույցերին կամ քննադատական խոսքեր են հնչեցրել իշխանությունների հասցեին: Սա հիմք չէ քրեական հետապնդման համար», - ասաց նա:

«Մեր մյուս առաջարկությունը այն էր, որ անհրաժեշտ է ընտրություններից հետո կատարվածի խորը, անկախ եւ անկողմնակալ հետաքննություն անցկացնել», - շարունակեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը` հավելելով, որ միջազգային հանրությունը չի կարող պարտադրել այդպիսի հետաքննություն. - «Մենք կարող ենք միայն առաջարկել եւ հուսալ, որ իշխանությունների արձագանքը դրական կլինի... Այդ դեպքում մենք կարող ենք տալ փորձագիտական խորհրդատվություն, թե ինչպես են անցկացվել նման իրավիճակներում հետաքննությունները այլ երկրներում»:

«Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների համար շատ կարեւոր է իրականացնել այդ հետաքննությունը, որպեսզի վերանա այն անվստահությունը, որ ես նկատել եմ Երեւան կատարած այցիս ժամանակ», - ասաց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը: - «Այժմ մենք սպասում ենք Հայաստանի կառավարության ավելի հստակ արձագանքին` պատրա՞ստ են այդ համագործակցությանը եւ ինչպիսի փորձագիտական խորհրդատվության կարիք ունեն այս կարեւորագույն հետաքննությունն անցկացնելու համար»:

Մարդու իրավունքների հանձնակատարը արդեն հրապարակել է մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իր զեկույցը, որում, մասնավորապես, առաջարկում է հաստատել արտահայտվելու ազատությանը եւ հավաքների ազատությանը վերաբերող օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունները այնքանով, որքանով դրանք համապատասխանում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Համմարբերգն իր զեկույցում առաջարկում է անհապաղ ազատ արձակել այն բոլոր կալանավորներին, ովքեր քրեորեն պատժելի բռնության կոնկրետ գործողություն չեն կատարել, չառաջադրել մեղադրանքներ եւ չհարուցել դատական գործեր անձանց նկատմամբ զուտ հակաիշխանական կարծիքներ արտահայտելու համար:

Առաջարկվում է նաեւ հետաքննել անհամաչափ ուժի գործադրման դեպքերը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իրականացնել համապարփակ հետաքննություն մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, այդ թվում` հաշվի առնելով բռնի գործողություններին հանգեցրած գործոնները: Հետաքննությունը պետք է լինի անկախ, անաչառ, թափանցիկ եւ վայելի ամբողջ բնակչության վստահությունը:

Հայաստանի կառավարությանը Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը առաջարկում է որոշել, թե արդյո՞ք հետաքննության համար միջազգային հանրությունից էական ներդրում է հայցում, եւ եթե այո` ներկայացնել հստակ ու կոնկրետ հասցեագրված խնդրանք նման աջակցության համար:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG