Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան. «Փակվում է հայոց քաղաքական պատմության մի դրվագի վերջին էջը»


Ծագումով հայ, ամերիկացի վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը երեկ մասնակցել է Անդրկովկասի քաղաքական հիմնախնդիրներին նվիրված քննարկման, որն իրականացվել է «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնի եւ Վաշինգտոնի գրասենյակների միջեւ հաստատված հեռուստակամրջի միջոցով:

Վերլուծաբանն ասել է, որ անցած 13 ամիսների ընթացքում ինքը հենց Հայաստանում է հետեւել քաղաքական զարգացումներին: Կիրակոսյանը շատ կոշտ գնահատական է տալիս տեղի ունեցած ընտրություններին եւ ետընտրական իրավիճակին:

«Հայաստանում բավական փակ քաղաքական համակարգ է, որտեղ առաջնորդները եւ սեփական շահերը վեր են դասում ազգային շահերից: Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես է փակվում հայոց քաղաքական պատմության մի դրվագի վերջին էջը», - ասել է Կիրակոսյանը:

Նրա համոզմամբ, ենթադրվում էր, որ փետրվարի 19-ին տեղի կունենար շատ հանգիստ իշխանափոխություն, կպահպանվեր ստատուս-քվոն, այսինքն ուժերի դասավորությունը կմնար նույնը եւ իշխանության լծակները կմնային քաղաքական կոնկրետ մեկ խմբի հսկողության տակ: Վարչապետ Սերժ Սարգսյանն էլ, Ռիչարդ Կիրակոսյանի բնութագրմամբ, Ղարաբաղի խնդրի եւ 90-ականների ազգայնական տրամադրությունների վրա քաղաքական եւ տնտեսական լծակներ ձեռք բերած խմբի վերջին ներկայացուցիչն է: Այդպես էր ծրագրվել, սակայն իրականությունն ապացուցեց, որ Հայաստանում ստատուս-քվո այլեւս հնարավոր չէ:

Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, արտակարգ դրությունը եւ ռեժիմի խստացումը որեւէ կերպ չեն նպաստել խնդրի լուծմանը: Դա ընդամենը ժամանակավոր հրադադար է, պատժիչ գործողությունները միայն խթանում են ընդդիմության վճռականությունը:

Վերլուծաբանն անդրադարձել է օտարերկրացիների արձագանքին: «ԱՄՆ-ի եւ ընդհանրապես Արեւմուտքի գնահատականն այս անգամ ավելի խոհեմ էր եւ արդար. նախնական դրական արձագանքին հաջորդել է ավելի քննադատական եւ օբյեկտիվ գնահատականը, ինչի համար դրվատանքի են արժանի Մեթյու Բրայզան եւ պետդեպարտամենտը», - ասել է Կիրակոսյանը:

Վերլուծաբանի համոզմամբ, Հայաստանում եւ տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության հիմնարար թույլ կողմերից մեկը ազդեցության արդյունավետ լծակների, պատկերավոր ասած, «ոչ միայն բլիթների, այլեւ մտրակների բացակայությունն է»: Նա ենթադրում է, որ ազդեցության հզոր լծակ է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը:

Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, այսօրվա իրականության մեջ Հայաստանի խորհրդարանը կարող է դառնալ քաղաքական բանավեճի եւ երկխոսության ասպարեզ, եւ այս առումով, կարեւորվում է նախկին արտգործխախարար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդած «Ժառանգություն» կուսակցության գործոնը: Դա, Կիրակոսյանի խոսքերով, ընդդիմության նոր դեմքն է:

«Եթե նրանք գտնեն ուղիներ, եթե ըմբռնեն նախագահի քաղաքականությանը խորհրդարանական քաղաքականությամբ հակազդելու, հավասարակշռելու անհրաժեշտությունը, դա էապես կազդի Հայաստանում քաղաքական մշակույթի վրա», - ասել է Կիրակոսյանը:

Նրա համոզմամբ, միայն լեգիտիմությունն է կայունության իրական գրավականը, հաստատությունները շատ ավելի կարեւոր են, քան անձնավորությունները, ուստի, ԱՄՆ-ը, Արեւմուտքը եւ նույնիսկ Ռուսաստանը պետք է փորձեն աջակցել Հայաստանում դեմոկրատական հաստատություններին:

Ռիչարդ Կիրակոսյանն ասում է, որ ինքն անձամբ թերահավատ է նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռանկարի հարցում:

«Լեգիտիմության պակասը Հայաստանում շատ երկար ժամանակ փոխհատուցվել կամ արդարացվել է տնտեսական զարգացման երկնիշ թվերով, ինչն ինքնին պարադոքս է, որովհետեւ չնայած այդ թվերին, երկրում սոցիալ-տնտեսական անհավասարությունը, հասարակության բեւեառացումը խորանում է, կոռուպցիան աճում է», - ասել է Ռիչարդ Կիրակոսյանը եւ հավելել. - «Բայց այստեղ կա մեկ այլ սպառնալիք՝ այն, ինչ արդեն եկել է Կենտրոնական Ասիա, կհասնի նաեւ Կովկաս, դա պարենի պակասի վերահաս վտանգն է, սննդամթերքի գնաճը, երբ այն դառնա իրական՝ լեգիտիմության պակասի արդարացումներն ու բացատրություններն անմիջապես ուժը կկորցնեն»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG