Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի ազատամարտիկները պահանջում են ազատ արձակել իրենց մարտական ընկերներին


Այսօր Գյումրիում կայացած ասուլիսում հրապարակվեց Շիրակի մարզի 62 ազատամարտիկների հայտարարությունը, որով նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում են ազատ արձակել քաղաքական հայացքների համար կալանավորված իրենց մարտական ընկերներին:

Ասուլիսի բանախոսները հայտարարեցին, որ Շիրակի մարզից անազատության մեջ են գտնվում 4 ազատամարտիկներ` Մուշեղ Սաղաթելյանը, Հարություն Ուռուտյանը, Աշոտ Զաքարյանը եւ Գեւորգ Զաքարյանը:

«Այս բողոքի հայտարարությամբ մենք արտահայտում ենք մեր խորը հիասթափությունն ու ափսոսանքը, որ ազատամարտիկներն իրենց իսկ արյան գնով ստեղծած ու պահպանած հայրենիքում ենթարկվում են բազմաբնույթ ճնշումների, ապա հայտնվում բանտերում` քաղաքական բանտարկյալների կարգավիճակով», - ասված է հայտարարությունում:

«Բոլոր օրինական ճանապարհներով պայքարելու ենք Հայաստանում իրենց քաղաքական հայացքների համար բանտարկված ազատամարտիկների ազատության համար: Վստահ ենք, որ հազարավոր ազատամարտիկներ կիսում են մեր մտահոգությունը եւ աներեր պայքարելու են արդարության հաղթանակի համար», - գրում են հայտարարության հեղինակները` միաժամանակ զգուշացնելով. - «Ազատամարտիկների քաղաքական հալածանքների շարունակությունը մեր եւ հանրության հորդորների նկատմամբ արհամարհանքը առավել են սրում երկրում ստեղծված իրադրությունը: Քաղաքական հայացքների համար ազատամարտիկների նկատմամբ տարվող աննահանջ հալածանքի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա»:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG