Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Իմ նվիրվածությունը Հայաստանին չի վերջանա, երբ ես այլեւս նախարար չեմ լինի»


«Իմ նվիրվածությունը Հայաստանին ու նրա ապագային չի սկսվել իմ` արտաքին գործերի նախարար դառնալով: Այն հիմա չի վերջանա, երբ ես այլեւս նախարար չեմ լինի: Այն պարզապես կփոխվի», - հայտարարել է Վարդան Օսկանյանը արտգործնախարարության աշխատակիցների հետ երեկ կայացած հրաժեշտի հանդիպման ժամանակ:

Նա վստահեցրել է, որ չի պատրաստվում հեռանալ Հայաստանից. - «Մենք բոլորս Հայաստանի քաղաքացիներ ենք. դուք` ծնունդով, իսկ ես` սեփական ընտրությամբ: Ինձ համար Հայաստանի անկախությունից հետո իրերս հավաքելն ու Հայաստան վերադառնալն ամենաինքնաբուխ որոշումն է եղել, անգամ որոշում չի եղել, այլ ակնհայտ տարբերակ: Գալով, ես այժմ չեմ պատրաստվում հեռանալ»:

«Ես նոր պատասխանատվություն կստանձնեմ, որը հիմնականում միտված կլինի շահագրգիռ, ներառուն քաղաքական ատյանի ձեւավորմանը, որը կաշխատի հանրության ու գործող քաղաքական ուժերի հետ մեր հասարակության բաժանումները վերացնելու, ուղիներ փնտրելու մեր տարբերությունների միջեւ մերձեցման եզրեր գտնելու, այլ ոչ թե դրանք արհամարհելու», - արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ասել է Վարդան Օսկանյանը: - «Ես կգործակցեմ նրանց հետ, ովքեր ցանկանում են ստեղծել այլ զարգացած երկրների փորձը կրկնող մեխանիզմներ ու առաջարկել լուրջ, համոզիչ քաղաքական այլընտրանքներ, որոնք ապակառուցողական, ծայրահեղ ու ինքնանպատակ չեն: Ամենից շատ եւ ամենից ավելի ես կաշխատեմ զորացնել մեր այն հաստատությունները, որոնք կօգնեն մեր հասարակության մեջ նվազեցնել ցինիզմը եւ մեզանում ամենավատին հավատալու պատրաստականությունը»:

«Գործը, որ դուք եւ ես կանենք, կփոխլրացնեն միմյանց: Ես այս ընտանիքի անդամն եմ ինձ զգում: Եվ դա չի փոխվելու: Ես կուզենայի, որ դա այդպես էլ մնար, թեեւ գիտեմ, որ դժվար է լինելու այս շենքի կողքով կամ ընդհանրապես Հանրապետության հրապարակով անցնել», - իր խոսքն ամփոփել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը վերջին տասը տարիներին գլխավորած Օսկանյանը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG