Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկը նախօրեին միաձայն հավանության էր արժանացել Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում:

48-ամյա Տիգրան Սարգսյանը անկուսակցական է:

1983-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Լենինգրադի Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտը, 1987-ին` նույն ինստիտուտի ասպիրանտուրան` ստանալով տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է:

1993-1994 թվականներին Տիգրան Սարգսյանը եղել է ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: 1995-1998 թվականներին գլխավորել է Հայաստանի բանկերի ասոցիացիան:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվել 1998 թվականի մարտի 3-ին եւ վերանշանակվել 2005 թվականի մարտ 2-ին:

Տիգրան Սարգսյանը ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ մեկ որդի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG