Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Իրավիճակը պետք է զարգանա հանդուրժողականության ու համերաշխության հենքի վրա»


«Մենք գտնում ենք, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը պետք է զարգանա քաղաքական հանդուրժողականության ու համերաշխության հենքի վրա», - այսօր կայացած ասուլիսում հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Դա, ըստ նրա, նշանակում է, որ «իրոք պետք է լինեն փոխընդունելի լուծումներ քաղաքական դաշտում, եւ մենք հանդես ենք գալիս հենց այդ դիրքերից»:

Արթուր Բաղդասարյանի խոսքերով, նոր ձեւավորվելիք կոալիցիոն կառավարությունում «Օրինաց երկիր»-ի զբաղեցնելիք պորտֆելների մասին դեռեւս քննարկում չի եղել. - «Նոր նախագահի երդման արարողությունից հետո անմիջապես հնարավորություն կունենանք նաեւ անդրադառնալու, քննարկելու կոալիցիոն կառավարության մասնակցության ձեւաչափը, խնդիրները, այսինքն` այդ ժամանակ այդ քննարկումները կմտնեն հունի մեջ»:

«Որեւիցե ֆորմատով` ո’չ երկկողմ, ո’չ քառակողմ, որեւիցե քննարկում չի եղել` ո’չ Ազգային ժողովի, ո’չ կառավարության հետ կապված», - վստահեցրեց նա:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում բարեփոխումներ իրականացնել իշխանության այն ներկայացուցիչների հետ, որոնց մի ժամանակ քննադատում էր, «Օրինաց երկիր»-ի առաջնորդը պատասխանեց. - «Մենք հիմա իշխանություն ենք մուտք գործել բարեփոխումների համար, եւ իշխանության բովանդակությունն էլ է փոփոխություն կրել: Նախ` կոալիցիոն երկկողմ համագործակցությունը դարձել է քառակողմ, երկրորդը` ես` որպես նախագահի թեկնածուներից մեկը, որը մոտ 300 հազար քվե է հավաքել, բնականաբար, ունեմ իմ ընտրողների առջեւ իմ պատասխանատվությունը: Եվ ես կատարել եմ իմ քաղաքական հարցադրումները այն մարդուն, որը ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը եւ որը առաջարկել է արժանապատիվ համագործակցություն` հաշվի առնելով նաեւ իմ հավաքած քվեները»:

«Իսկ ինչո՞վ եք պատրաստվում սփոփել այն ընտրազանգվածին, որը ձայն է տվել ձեզ որպես ընդդիմադիրի եւ այժմ դժգոհում է», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Արթուր Բաղդասարյանը արձագանքեց. - «Նախ` դժգոհությունները շատ չեն, ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը շատ դրական է վերաբերվում մեր ընդունած որոշմանը: Բացի այդ, մեր կուսակցությունը այդ որոշումը ընդունել է իր 150 կառույցների հետ համատեղ, եւ մարդիկ քվեարկել են մեր օգտին, մեր ծրագրերի եւ բարեփոխումներ իրականացնելու համար»:

Հարցին, թե կիսո՞ւմ է արդյոք ցուցարարների նկատմամբ զենք գործադրելու պատասխանատվությունը, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. - «Մարտի 1-ի դեպքերի համար պատասխանատվություն պետք է կրեն այն ուժերը, ովքեր այդ ամենը կազմակերպել են: Ովքեր 9 օր, 10 օր շարունակ էդ ժողովրդին անծրագիր հավաքել էին այդ հրապարակում»:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG