Մատչելիության հղումներ

Փենինգթոն. «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչները այս դեպքերից առաջ արդեն վտանգված էին»


Վերջին ամիսների հայաստանյան իրադարձությունները Վաշինգտոնին մտահոգությունների տեղիք են տվել, ինչը, ըստ Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի, իր արտացոլումն է գտել նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչի` նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում:

«Կարեւոր է հիշել, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչները այս դեպքերից առաջ արդեն վտանգված էին», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը հայտարարեց Փենինգթոնը: - «Դրանք այսպես կոչված «արդարացի կառավարման» ոլորտի ցուցիչներն են` մամուլի ազատության, կոռուպցիայի, կառավարության գործունեության թափանցիկության եւ, անշուշտ, ժողովրդավարացման հարցերը»:

Արձանգանքելով ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի` Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին մինչեւ այժմ չշնորհավորելու մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին Փենինգթոնը ասաց. - «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը Հայաստանի նախագահի ընտրությունից մի քանի օր հետո շնորհավորել է Հայաստանի ժողովրդին մրցակցային ընտրությունների անցկացման կապակցությամբ: Ես չեմ կարող ենթադրել, թե Վաշինգտոնը կամ Սպիտակ տունը ինչ կարող են անել կամ չանել»:

«Կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը պատրաստ է աշխատել Հայաստանի նոր ղեկավարության հետ` երկիրը ժողովրդավարական հուն վերադարձնելու համար», - հավելեց նա:

Ջոզեֆ Փեննինգթոնը նաեւ տեղեկացրեց, որ առայժմ որոշված չէ, թե ԱՄՆ-ը ինչպիսի ներկայություն կունենա ապրիլի 9-ին կայանալիք Հայաստանի նորընտիր նախագահի պաշտոնամուտի արարողությանը:

«Ծրագիրը սառեցնելու որոշում դեռ կայացված չէ», - «Հազարամյակի մարտահրավեր»-ի մասին այսօր ասաց Փենինգթոնը: - «Մենք կարծում ենք, արդարացի կլինի Հայաստանի նոր վարչակազմին հնարավորություն տալ իրավիճակը շտկելու: Այն, ինչ դիտարկելու ենք, դա Հայաստանի նոր վարչակազմի սկզբնական փուլերում նկատվող միտումներն են: Միացյալ Նահանգներում, օրինակ, նորընտիր նախագահի քաղաքականության միտումները նկատելի են լինում նրա պաշտոնավարման 100 օրվա ընթացքում: 100 օրը դա մի կախարդական ժամկետ չէ, պատահական մի թիվ է, սակայն այդ ժամանակահատվածը արդեն ցույց է տալիս, թե ինչ միտումներ են նկատվում: Բայց եթե չլինի այդ միտվածությունը, ապա «Հազարամյակների մարտահրավեր» ծրագրի սառեցումը կամ դադարեցումը իրական հնարավորություն կդառնա, թեեւ դա այն չէ, ինչ ցանկանում ենք»:

Հարցին, թե արդյոք հակասություն չի տեսնում երկրում ժողովրդավարական ուղին շարունակելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հավաստիացումների եւ փողոցում զբոսնող երեւանցիների շարունակվող ձերբակալությունների ու բերման ենթարկելու փաստերի միջեւ, ամերիկացի դիվանագետը կրկին շեշտեց, թե պետք է հստակ տարբերակում լինի հանցագործություն կատարածների եւ քաղաքական հայացքների կամ ընդամենը հանրահավաքների ու երթերի մասնակիցների միջեւ. - «Այդ երկու խմբերը պետք է առանձնացնել, եւ քաղաքական հայացքի համար մարդիկ չպետք է հայտնվեն ճաղերի ետեւում: Ինչ վերաբերում է փողոցային զբոսանքների համար ձերբակալություններին, թեեւ բերման ենթարկվածներն ազատ են արձակվում, բայց դժվար է դա կառուցողական քայլ համարել»:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածություն դեռ չի առաջադրվել եւ այդ մասին հայտարարություն, ըստ Ջոզեֆ Փենինգթոնի, իրավասու է անել Սպիտակ տունը միայն:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG