Մատչելիության հղումներ

Կալանավորված է 97 մարդ


«Այսօրվա դրությամբ, նախաքննության մարմնի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում մեղադրանք է առաջադրվել 97 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Անդրադառնալով Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանդիպմանը այս օրերին Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ` Տռուզյանը փոխանցեց. - «Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են հետընտրական զարգացումներին, արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Հանրապետության նախագահի հրամանագրով [Երեւանում արտակարգ դրություն սահմանելու մասին] որեւէ փոփոխություն չի նախատեսվում երկրի դատաիրավական համակարգի գործունեության մեջ եւ չի սահմանափակվում որեւէ դատավարական իրավունք: Այսինքն` նախատեսված չեն ձերբակալության եւ կալանավորման համար նոր հիմքեր, կամ քրեական գործեր քննելու, հարուցելու նոր մոտեցումներ եւ կարգեր»:

Սոնա Տռուզյանը նաեւ ասաց, որ, ըստ ստուգված տեղեկությունների, «ընդհանուր առմամբ այդ դեպքերով մարմնական վնասվածք է ստացել 265 անձ` 210-ը ոստիկանության աշխատողներ եւ զինծառայողներ». - «55-ը քաղաքացիական անձինք են: 210 զինվորներից 60-ը մարմնական վնասվածքներ են ստացել Օպերայի [շրջակայքում] տեղի ունեցած դեպքերի ժամանակ` 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան: Իսկ քաղաքացիներից` 21-ը:

Նրա փոխանցմամբ, հիվանդանոց տեղափոխված ոստիկանության աշխատողներից 10-ը թունավորվել են գազից, «երբ ցուցարարները նրանց ուղղությամբ նետել են դյուրավառ հեղուկով ինչ-որ նյութեր». - «Դրանց մեջ եղել է նաեւ, պարզվում է, գազ: 134-ը բեկորային վնասվածներ են ստացել ոտքերի շրջանում: Վնասվածքներ են ստացել 21 քաղաքացի, 60 ոստիկանության աշխատակից Օպերայում: Մնացածը արդեն մարմնական վնասվածքներ են ստացել ավելի ուշ, երբ ցուցարարները տեղափոխվել էին Գրիգոր Լուսավորչի [փողոցին] եւ Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածք»:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG