Մատչելիության հղումներ

Բորիս Նավասարդյան. «Հրամանագրի դրույթը, որը կապված է լրատվամիջոցների գործունեության հետ, խախտվում է, եւ դա հանդուրժվում է»


Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք Հայաստանի օրենսդիր մարմինը դեռ չի ընդունել: Եվ հանրապետության նախագահը արտակարգ դրություն մտցնելու մասին մարտի 1-ի հրամանագիրն արձակել է ղեկավարվելով Սահմանադրության 14-րդ կետի դրույթներով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք զանգվածային լրատվամիջոցներին առնչվող դրույթը հրամանագրում համապատասխանում է Սահմանադրության եւ օրենքի պահանջներին, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը վերապահումով պատասխան տվեց. - «Ինձ այս օրերին մեկ այլ բան է ավելի մտահոգում: Դա այն է, որ զանգվածաբար նախագահի հրամանագրի դրույթը, որը կապված է լրատվամիջոցների գործունեության հետ, խախտվում է, եւ դա հանդուրժվում է: Ես առաջին հերթին նկատի ունեմ այն, որ համարյա բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները եւ թերթերը, որոնք մենք սովորաբար իշխանամետ ենք կոչում, փաստորեն որեւէ ձեւով իրենց գործունեությունը չեն սահմանափակել»:

Երեւանի մամուլի ակումբի ղեկավարը մասնավորապես նկատի ուներ, որ հեռուստաընկերությունները եւ ինչպես Հայաստանում ընդունված է ասել իշխանամետ մամուլը հենց հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից պետական եւ ներքաղաքական կյանքի մասին ոչ միայն պաշտոնական հաղորդագրություններ են տարածում, «այլ գնում են բազմաթիվ վելուծություններ, բազմաթիվ քաղաքական հայտարարություններ, բազմաթիվ կարծիքներ, հարցազրույցներ եւ այլն, եւ այլն, որոնք ուղղակիորեն եւ կոպտորեն խախտում են հրամանագրի դրույթները». - «Այն դեպքում, որ այն լրատվամիջոցները, որոնք փաստորեն որեւէ խախտում դեռ չէին արել, արգելափակվել են: Եվ փաստորեն նրանց նկատմամբ նախնական գրաքննության մեխանիզմներ են աշխատացվում: Իսկ նախագահի հրամանագրով Հայաստանում գրաքննություն, առավել եւս` նախնական գրաքննություն մտցված չէր»:

Այսինքն, ըստ Բորիս Նավասարդյանի, լրատվամիջոցների միակողմանի սահմանափակում է կատարվել: Առանց հանցանք կատարելու եւ հանցանքը ապացուցելու, մեղադրվել եւ պատժվել են մի շարք լարտվամիջոցներ, ինչի արդյունքում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարեւոր իրավական սկզբունք` անմեղության կանխավարկածը:

Հարցին, թե որքանով են հատկապես ԶԼՄ-ի եւ ազատ խոսքի սահմանափակումները մեղմացնում ներքաղաքական լարվածութունը եւ ինչ հետեւանքներ կունենան այս միջոցառումները երկրի համար, Նավասարդյանը պատասխանեց. - «Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, առաջինը` որեւէ ձեւով չի նպաստում արտակարգ իրավիճակի համար հիմք ծառայած խնդիրների հաղթահարմանը,... Բացի դրանից, իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են գնալ երկխոսության, համագործակցության եւ համաձայնության հասնել հասարակության տարբեր շերտերի, տարբեր խմբերի հետ, բայց կատարվում է հակառակը, երբ միակողմանի ագրեսիվ քարոզչություն է տեղի ունենում: Եվ վերջապես, այս օրերին կիրառվում են խոսքի ազատությունը, մամուլի հավասարությունը, բազմակարծությունը ճնշելու այնպիսի եղանակներ, որոնք ամբողջատիրական հասարակություններում են միայն կիրառվում»:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG