Մատչելիության հղումներ

Արման Մուսինյան. «Մենք շարունակելու ենք քաղաքական պայքարը բոլոր պայմաններում»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արման Մուսինյանը, մեկնաբանելով Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի` «Ֆրանսպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնած կարծիքը, թե իրավապահները բավարար ապացույցներ ունեն Լեւոն Տեր-֊Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար, ասաց, որ դա իրենց «ոչ մի կերպ չի վախեցնում»:

«Մենք որեւէ խնդիր չունենք, մենք շարունակելու ենք քաղաքական պայքարը բոլոր պայմաններում: Եվ դա մեզ որեւէ կերպ չի վախեցնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մուսինյանը: - «Եթե այս իշխանությունները կազմակերպեցին մարտի 1-ի սպանդը, նրանք պատրաստ են է’լ ավելիին գնալու: Այնպես որ, մենք զարմացած չենք նրանց դիրքորոշումից եւ պատրանքներ չենք տածում»:

Հարցին, թե չի՞ զարմացնում իրենց այն, որ այդ մասին հայտնում է ոչ թե Գլխավոր դատախազությունը, այլ արդարադատության նախարարը, Մուսինյանը արձագանքեց. - «Մեզ հիմա ոչինչ չի զարմացնում: Իշխանությունները որդեգրել են մի գործելաոճ, որը բացարձակապես կապ չունի իրավական պետություն, իրավագիտակցություն, օրենք հասկացությունների հետ: Այնպես որ, փորձել ինչ-որ տրամաբանություն գտնել նրանց գործողությունների մեջ ե’ւ հնարավոր չէ, ե’ւ չեմ էլ պատրաստվում ես դա անել»:

Մուսինյանը հավելեց, որ մինչեւ այս պահը Լեւոն Տեր-Պետրոսյանին իրավապահ մարմիններից չեն կանչել կամ հրավիրել:

Արդարադատության նախարարի պնդումները մեկնաբանելու` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին ի պատասխան Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը ասաց. - «Չեմ կարծում, որ ես պետք է մեկնաբանեմ արդարադատության նախարարի հայտարարությունը»:

Հարցին, թե ունի՞ գործը քննող մարմինը ապացույցներ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ քրեական գործ հարուցելու համար, Տռուզյանը արձագանքեց. - «Նախաքննության մարմինը նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացնի համապատասխան որոշումներ: Ես այսօր չեմ կարող ասել` վաղը կամ մյուս օրը ո՞ւմ մեղադրանք կառաջադրվի կամ չի առաջադրվի, ո՞ւմ խափանման միջոցը կփոխվի կամ չի փոխվի, ո՞վ կհարցաքննվի որպես վկա կամ ո՞վ չի հարցաքննվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG