Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հեռարձակումը եւ ինտերնետային կայքը արգելափակվել են Հայաստանում


Շաբաթ օրվանից Հայաստանում արգելափակվել են «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հեռարձակումը եւ ինտերնետային կայքը՝ կապված Երեւանում մարտի 2֊-ին ուժի մեծ մտած արտակարգ իրավիճակի հետ:

Արտակարգ իրավիճակի մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված հրամանագրի համաձայն՝ լրատվամիջոցները պարտավոր են օգտագործել միայն պաշտոնական հաղորդագրությունները երկրի ներքաղաքական կյանքի վերաբերյալ:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը երկու տեղական հեռարձակողների միջոցով օրական 4 ժամ հեռարձակում է իրականացնում Հայաստանում: Հեռարձակողները, արտակարգ իրավիճակի մասին հրամանագրին համապատասխան, եթերից զրկել են «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումները` այդ ժամանակը լրացնելով երաժշտությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի azatutyun.am ինտերնետային կայքը եւս արգելափակվել է, թեեւ միայն մարտի առաջին օրը այդ կայքից օգտվել է 23 հազար չկրկնվող այցելու. այդքան այցելու կայքը սովորաբար ունենում է մեկ ամսվա ընթացքում: Այցելուների երկու երրորդը Հայաստանից են:

Շաբաթ օրվա վերջին հեռարձակման ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի Երեւանի թղթակիցները ուղիղ եթեր են մտել այն վայրերից, որտեղ տեղի են ունեցել բողոքի ցույցերը, որոնք բռնությամբ ցրվել են ոստիկանների կողմից: Ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի վարորդին, չնայած նա հայտնել է, որ աշխատում է լրատվամիջոցում: Երիտասարդ թղթակցուհին, որին նա ուղեկցում էր, հազիվ է դուրս պրծել` հաջողելով խուսափել բռնությունից: «Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակցուհին, որը լուսաբանում էր բողոքի համանման ցույցը, քաշքշոցի եւ սպառնալիքների է ենթարկվել ներքին զորքերի ներկայացուցիչների կողմից այնքան ժամանակ, մինչեւ նրանք հասկացել էին, որ լրագրողը ուղիղ եթերում հեռարձակում է նրանց սպառնալիքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG