Մատչելիության հղումներ

Հայերի ցույցեր Վրաստանում


«Կովկասպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաեւ մի շարք տեղական ոչ կառավարական կազմակերպություններ բողոքի ցույցեր են անցկացնելու Թբիլիսիում Եվրահանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի գրասենյակների առջեւ:

Ըստ «Կովկասպրես»-ի, Թբիլիսիի հայ համայնքի ղեկավար Առնոլդ Ստեփանյանն ասել է, որ ցուցարարները Եվրահանձնաժողովից եւ ԵԱՀԿ-ից պահանջելու են ավելի ուշադիր լինել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների հանդեպ:

«Կովկասպրես»-ը հաղորդում է, որ երեկ Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան շենքի մոտ ցուցարարները կազմակերպել են բողոքի ակցիա, որն անցել է «Մի' կրակեք» եւ «Կյանք առանց բռնության» կարգախոսների ներքո: Նրանք դիմում են փոխանցել դեսպանատան աշխատակիցներին:

Վրաստանի հայ համայնքը եւ տեղական ոչ կառավարական կազմակերպությունները կասկածի տակ են առնում Հայաստանում տեղի ունեցող ցույցերի մասին ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունների արժանահավատությունը:

Առնոլդ Ստեփանյանն ասել է, որ «Վրաստանի իշխանությունները վատ օրինակ են տվել Հայաստանի իշխանություններին»:

«Կովկասպրես»-ի փոխանցմամբ, Վրաստանի հանրապետական կուսակցությունը տարածել է հատուկ հայտարարություն, որով դատապարտել է Հայաստանի իշխանությունների այնպիսի գործողությունները, ինչպիսին են խաղաղ ցույցի նկատմամբ ուժի գործադրումը, արտակարգ դրության հռչակումը եւ ընդդիմության լիդերների ձերբակալությունները:

Կուսակցությունը նշել է, որ միջազգային կազմակերպությունները եւ առաջատար դեմոկրատական երկրների կառավարությունները «դասեր չեն քաղել վրացական իրադարձություններից եւ թերագնահատել են Հայաստանի ճգնաժամի աստիճանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG