Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը դարձավ Ռուսաստանի նախագահ


Ռուսաստանի նախագահության թեկնածու, առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ստացել է ընտրողների ձայների մոտ 70 տոկոսը եւ դարձել է Ռուսաստանի նախագահ:

Երկրորդ տեղում է կոմունիստ Գենադի Զյուգանովը, որի օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 18 տոկոսը, երրորդում՝ ազգայնական Վլադիմիր Ժիրինովսկին է` ձայների 9,5 տոկոսով: Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անդրեյ Բոգդանովը ստացել է մոտ 1,3 տոկոս քվե:

Մեդվեդեւին շնորհավորել է Հայաստանի նախագահը:

Ռոբերտ Քոչարյանի ուղերձում ասված է. - «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների դաշնակցային գործընկերությունը եւ բոլոր ուղղություններով հաստատված ռազմավարական համագործակցությունը: Համոզված եմ, որ մեր երկրները եւ ժողովուրդները հետագայում եւս կամրացնեն բարեկամական կապերը, գործընկերությունը եւ կընդլայնեն փոխշահավետ համագործակցությունը: Ցանկանում եմ գոհունակությամբ նշել Ձեր անձնական մեծ ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաեւ վստահություն հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի բարձր պաշտոնում Դուք կնպաստեք դրանց խորացմանը եւ ընդլայնմանը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն եւ հաջողություններ աշխատանքում` ի շահ եղբայրական Ռուսաստանի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG