Մատչելիության հղումներ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի դիմումը քաղաքացիներին


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը այսօր դիմում է հղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Դիմումում, որը տարածել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով եւ առաջնորդվելով մեր երկրում կայունությունը վերականգնելու եւ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հրամայականով, Հայաստանի Հանրապետության Նախագահը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությամբ, մարտի 1-ից Երեւան քաղաքում հայտարարել է Արտակարգ Դրություն:

Արտակարգ դրությունն, ի թիվս այլ խնդիրների, ենթադրում է նաեւ հանրահավաքների, երթերի եւ այլ զանգվածային միջոցառումների կազմակերպման եւ այդ միջոցառումներին մասնակցության ժամանակավոր արգելում:

Որպես Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ դիմում եմ բոլոր մեր համաքաղաքացիներին` խնդրելով զերծ մնալ Արտակարգ Դրությամբ նախատեսված արգելքները շրջանցելու փորձերից, հանդես բերել բարձր քաղաքացիական գիտակցություն եւ ըմբռնումով մոտենալ պետության, այդ թվում մեր զինված ուժերի կողմից Արտակարգ Դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը:

Կուզենայի նաեւ նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ ցանկացած փորձ` ներգրավվելու Արտակարգ Դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը, ՀՀ Զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք եւ խիստ հակազդեցության` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Խնդրում եմ մասնավորապես զերծ մնալ Երեւան քաղաքում թեկուզեւ փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ ՀՀ Զինված ուժերը պարտավոր են Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ:

Սիրելի հայրենակիցներ,

Մեկ անգամ եւս կուզենայի նշել, որ ՀՀ Զինված ուժերն իրենց գործողությունների հիմքում ունեն երկրի կայունությունը վերականգնելու եւ մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակ եւ գործելու են այդ նպատակին ուղղված բոլոր օրինական միջոցներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG