Մատչելիության հղումներ

Երեւանում հայտարարվել է արտակարգ դրություն


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու մասին:

«Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետերով` ո ր ո շ ու մ ե մ.

1. Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:

2. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացման եւ այլ հրատապ հարցերի կանոնակարգման եւ իրականացման ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահին:

3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

4. Սահմանել արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետեւյալ ժամանակավոր սահմանափակումները՝
1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի եւ այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում.
2) գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում.
3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում եւ զննության իրականացում.
4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում.
5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության՝ թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում.
6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում.
7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ սույն հրամանագրի իրականացումն ապահովելու ուղղությամբ:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում տեղեկացման պահից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG