Մատչելիության հղումներ

Տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկը աղաղակող խախտումներ է արձանագրել


Երեւանի Կենտրոնի թիվ 9/31 տեղամասում քվեարկության արդյունքների այսօր կատարված վերահաշվարկի ժամանակ աղաղակող խախտումներ են արձանագրվել:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որը վերահաշվարկ է կատարել «Օրինաց երկիր»֊-ը ներկայացնող տեղամասային հանձնաժողովի անդամ Հենրիկ Ստեփանյանի պահանջով, հայտնաբերել է, որ նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է ոչ թե 709 ընտրող, ինչպես պաշտոնապես արձանագրվել է քվեարկությունից հետո, այլ ընդամենը 395 ընտրող:

Լեւոն Տեր֊-Պետրոսյանի օգտին, ըստ քվեարկության օրը կազմված արձանագրության, քվեարկել է 376 ընտրող, մինչդեռ վերահաշվարկի արդյունքում պարզվեց, որ իրականում նա ունի 392 քվե:

Արթուր Բաղդասարյանը իրականում ստացել է 184 քվե, մինչդեռ փետրվարի 19֊-ին արձանագրվել էր, որ նա ունի ընդամենը 134 ձայն:

Հսկայական տարբերություն հայտնաբերվեց Վահան Հովհաննիսյանի դեպքում՝ արձանագրվել էր, որ նրա օգտին քվեարկել է ընդամենը 3 ընտրող, այնինչ իրականում նրա օգտին քվեարկածների թիվը 120 է:

Ըստ պաշտոնական արձանագրության՝ Վազգեն Մանուկյանն ընդհանրապես որեւէ ձայն չի ստացել, այնինչ այսօր պարզվեց, որ նրա օգտին այդ տեղամասում քվեարկել է 57 ընտրող:

Գրեթե նույնն է պատկերը Արման Մելիքյանի դեպքում՝ գրվել է 0 ձայն, իսկ այսօր պարզվել է, որ նրա օգտին 6 մարդ է քվեարկել:

Տիգրան Կարապետյանի օգտին տված քվեները արձանագրությունում նվազեցվել են ուղիղ երկու անգամ՝ իրականում եղել է 22, իսկ գրվել է 11:

Արտաշես Գեղամյանը իրականում ստացել է 7 ձայն, թեեւ արձանագրությունում գրվել էր 6:

Եվ վերջապես Արամ Հարությունյանը, որի օգտին, ըստ արձանագրության, որեւէ մեկը չի քվեարկել, իրականում ունեցել է մեկ ընտրող:

Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Եղիշե Տերտերյանը պատրաստվում է դիմել դատախազություն:

«Սա արտառոց, եզակի դեպք է»,֊ - ասաց նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG