Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Սովորական ընտրություններ» վերնագրի տակ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը պնդել է, որ «նախագահական ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին մեր իրականության երկփեղկվածությունը». - «Մի կողմից՝ իրական կյանքը, մյուս կողմից՝ այն վիրտուալ իրականությունը, որը ներկայացնում են մեր պատասխանատու հեռուստաընկերությունները: Ըստ վերջիններիս՝ ընտրություններն անցել են հանգիստ, օրենքի սահմաններում, երկրի ղեկավարները կատարել են իրենց քաղաքացիական պարտքը, դատախազությունն ու ոստիկանությունը ստուգում են ահազանգերը, եւ դրանք իրականությանը չեն համապատասխանում, կամ ծայրահեղ դեպքում՝ բոլորին ծեծում-ջարդում-փշրում են Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Իրական կյանքը ցույց է տալիս հակառակ պատկերը, որին մենք քաջ ծանոթ ենք 1995թվականից՝ զանգվածային ընտրակաշառք, լցոնումներ, ծեծկռտուք, բռնություններ՝ ընդդիմության վստահված անձանց նկատմամբ, ընտրակարուսել եւ այլն: Իհարկե, 21-րդ դարում դժվար է ամբողջությամբ ապավինել հեռուստաեթերը վերահսկողության տակ պահելուն, ինչն անում է մեր իշխանությունը»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը փոխանցել է. - «Արդեն իրականացված բոլոր գունավոր հեղափոխությունների փորձը ցույց տվեց, որ դրանց ոչ բռնի բնույթը պայմանականություն է։ Ավելի ճիշտ՝ բլեֆ։ Հեղաշրջման նախապատրաստման դեռեւս նախնական փուլում ստեղծվում են հատուկ խմբեր, որոնք վճռորոշ պահին պետք է իրականացնեն բռնի գործողություններ»: «Եթե իշխանությունն այդ փուլում անվճռականություն է դրսեւորում, այսինքն՝ չի կատարում կարգուկանոնի պահպանմանն ուղղված այն գործողությունները, որոնք պահանջում է օրենքը, ապա ամբոխը դիմում է բացահայտ բռնության: Այդ պահին ամբոխի բռնության իրավունքն արդեն օրինական է դարձել` դրան նախորդած ու հակահարված չստացած «ոչ բռնի գործողությունների» հետեւանքով», - եզրափակել է մեկնաբանը:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցազրույցում ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը շեշտադրել է. - «Խիստ կարեւոր է, որ մեր քաղաքացին կրավորական կեցվածք չի ընդունում ու շահագրգռված է իր պետության ապագայով: Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքացին իրականացնում է իր իշխանությունը, այսօր մեր ժողովուրդն ինքն է ընտրում իր ապագան»:

Ընտրությունների թեման արծարծելով` «Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը գնահատել է. - «Զարմանալին այն է, որ չնայած ամենատարբեր սպառնալիքներին, ընտրակաշառքին եւ քարոզչական տեռորին, ժողովուրդը չկոտրվեց: Ժողովուրդը կատարեց իր ընտրությունը եւ ընտրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այդ մասին են վկայում նույնիսկ պաշտոնական լրատվամիջոցները: Այն նույն լրատվամիջոցները, որոնք ամիսներ շարունակ հայտարարում էին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը «նույնիսկ առաջին քառյակում չէ», հիմա ստիպված եղան հայտարարել, թե նա երկրորդն է»: «Նրանք, ովքեր իսկապես օրվա հացի կարոտ են, իրենց մեջ ուժ գտան, հրաժարվեցին ընտրակաշառքից եւ բաց ճակատով կատարեցին իրենց ընտրությունը»:

«ժամանակ - Երեւան» թերթի մեկնաբանը որակել է. - «Այն իշխանությունը, որը ինքնահաստատվում է սեփական ժողովրդի կամքի վրա բռնանալով, չի կարող երբեք լինել ուժեղ, որովհետեւ իշխանությունը ժողովրդով է ուժեղ: Իշխանությունն ուժեղ է իր խոսքը լսողով, ոչ թե իր բռունցքից կուչ եկողներով»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG