Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Պետական մարմինները եւ հանձնաժողովները լիարժեք պատրաստ են ընտրություններին»


Ե’վ պետական բոլոր մարմիններն իրենց գործառույթներով, ե’ւ ընտրական հանձնաժողովները լիարժեք պատրաստ են ընտրություններին: Այդ մասին ասել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը` այսօր հանդիպելով Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ-ի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, կատարվել է մեծ ծավալի նախապատրաստական կազմակերպչական աշխատանք եւ, այն, ինչ նախատեսված է եղել Ընտրական օրենսգրքով, ըստ ժամանակացույցի ամբողջությամբ իրականացվել է:

Երկրի ղեկավարը եւս մեկ անգամ ընդգծել է միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու իշխանությունների վճռականությունը:

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ քարոզարշավը բավական ակտիվ է եղել, դրան մասնակցել են լայն զանգվածներ, անցկացվել են բազմաթիվ բազմամարդ միջոցառումներ, որոնց անվտանգությունը իրավապահ մարմինները հիմնականում կարողացել են ապահովել: Նախագահի բոլոր թեկածուները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց ծրագրերն ու տեսակետներն, օգտվել հեռուստաեթերից:

Նախագահը շատ պատասխանատու ժամանակահատված է համարել քվեարկության օրը եւ դրան հաջորդող օրը` համոզմունք հայտնելով, որ այն կանցնի հանգիստ եւ առանց միջադեպերի:

Ռոբերտ Քոչարյանը կառուցողական եւ արդյունավետ է գնահատել դիտորդական առաքելությունների հետ համագործակցությունը:

Նախագահը պարզաբանումներ է տվել նաեւ դիվանագետներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG