Մատչելիության հղումներ

Արամեն՝ տարվա լավագույն երգիչ


Այս տարի առաջին անգամ «Տարվա լավագույն երգիչ»-ը ոչ Հայկոն է, ոչ էլ Անդրեն: Երկու երգիչները 4 տարի շարունակ փոխեփոխ ստանում էին այս մրցանակը, բայց 5-րդ մրցանակաբաշխության արդյունքներով` լավագույնը Արամեն է: Երգիչը մինչեւ ծրարը բացվելը կուլիսներում «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում ասում էր, որ ակնկալիքներ չունի, թեպետ տարվա կտրվածքով իր աշխատանքը գնահատում էր գերազանց, քանի որ կարողացել է իրականացնել բոլոր ծրագրերը:

Իսկ արդեն բեմում Արամեն չկարողանալով զսպել հուզմունքը եւ երկրպագուներին խոստացավ. - «Երբեւէ չեմ հուսահատեցնի ձեզ»:

Այս անվանակարգում երգչի հիմնական մրցակիցը Անդրեն էր: Նա «Մաքս լիբերթի»-ին փոխանցեց, որ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել, միայն հաստատեց, որ ինքը ակնկալիքներով էր եկել մրցանակաբաշխությանը, բայց չի տխրել:

Այս տարի «Լավագույն երգչուհի»-ն դարձյալ Սիրուշոն է. սա արդեն նրա երկրորդ հաղթանակն է այս անվանակարգում:

Սոֆի Մխեյանը եւս հավակնում էր «Տարվա լավագույն երգչուհի» դառնալ, սակայն նրան հաջողությունը ժպտաց մեկ այլ անվանակարգում. «Օրը եւ ներկան» երգը 2007-ի «Լավագույն հիթ»-ն է:

Դասական երաժշտության ասպարեզում «Տարվա հայտնություն»-ը Երեւանի պետական երիտասարդական նվագախումբն է՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Իսկ արցախցի երիտասարդ երգիչ Վարդան Բադալյանը 2007-ի «Փոփ հայտնություն»-ն է:

«Տարվա լավագույն ժողովրդական երգիչ» անվանակարգի հաղթողը Արսեն Գրիգորյանն է՝ Մրոն, իսկ երգչուհին` Աննա Մայիլյանը: Մայիլյանը «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ իր հաղթանակը դահլիճում որոշակի դժգոհություն է առաջացրել. - «Ինձ մեղադրում են, թե դասական երգչուհին ժողովրդական անվանակարգում հաղթեց: Ես Կոմիտաս եմ երգում, դա դասակա՞ն է»:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Մաքս լիբերթի»-ին փոխանցեց, որ նախարարությունը որեւէ ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել մրցանակաբաշխությունը. - «Սա պարզապես համատեղ նախագիծ է, միավորվել ենք Հ1-ի առաջարկով: Մրցանակաբաշխությունը մեկ քայլ առաջ արեց»:

Նախարարության պահանջն է եղել փոփ երաժշտության անվանակարգերին ավելացնել դասական, ժողովրդական եւ ջազային երաժշտության անվանակարգեր:

Հաղթողներին ընտրել է 35 հոգուց բաղկացած ժյուրին:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG