Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցությունը սպասում է նախագահի թեկնածուների պատասխաններին


Նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության վարչությունը ժամանակավորապես դադարեցրել է քաղաքական խորհրդակցությունները նախագահի թեկնածուներից որեւէ մեկին աջակցելու կապակցությամբ եւ սպասում է դեկտեմբերի 19-ին առաջադրված թեկնածուներին ուղարկված հարցերի պատասխաններին:

«Հարցաշարը ձեւի համար չի ուղարկվել, այլ ուղարկվել է բովանդակային կողմնորոշում ստանալու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: - «Մենք ուզում ենք տեսնել, թե ով ինչպես կպատասխանի այդ հարցերին: Չպատասխանելն էլ պատասխան է: Եվ, ըստ դրա, կուսակցությունը կկողմնորոշվի իր հետագա անելիքների հարցում»:

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածի «դիապազոնը արժեքային առումով բավականին լայն է` ներառելով ազգայնականներից մինչեւ ուլտրալիբերալներ»:

«Նրա ընտրազանգվածը կարող է, առավելապես, նույնանալ այն ուժերի հետ, որոնք հատկապես միջանկյալ հատվածում են գտնվում... դրանցից են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, չեմ բացառում նաեւ` Վահան Հովհաննիսյանը», - հավելեց Սաֆարյանը:

Անձնագրերի եւ վիզաների վարչությունը մերժել է Րաֆֆի Հովհաննիսյանին տրամադրել վերջին տասը տարում ՀՀ քաղաքացիության տեղեկանք, որը անհրաժեշտ է որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Այդուհանդերձ, դեկտեմբերի սկզբին անցկացված Գելափի հարցման արդյունքներով, Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղում է` վարչապետ Սերժ Սարգսյանից հետո:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG