Մատչելիության հղումներ

Հայաստանցիները ամենակոռումպացված ոլորտներն են համարում դատարանները, կրթությունը եւ ոստիկանությունը


«Թրասնփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության 2007 թվականի Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի ցուցանիշներով` ամբողջ աշխարհի թե’ զարգացած եւ թե’ զարգացող երկրներում կաշառակերության պատճառով ամենածանր վնասը կրում են աղքատ երկրները:

Բարոմետրը աշխարհի 60 երկրներում հարցման է ենթարկել ավելի քան 60 հազար քաղաքացիների եւ փորձել է պարզել, թե ո՞ր ինստիտուտներն են առավել հաճախ կաշառք պահանջում, ո՞ր ոլորտներն են ամենակոռումպացվածը, ի՞նչ են կարծում կոռուպցիայի հետագա զարգացումների վերաբերյալ, եւ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկեն կառավարություններն այն արմատախիլ անելու ուղղությամբ:

Հայաստանում հարցմանը մասնակցել է 2481 քաղաքացի:

«Թրասնփարենսի ինթերնեյշնլ-Հայաստան» կազմակերպության փոխնախագահ Վարուժան Հոկտանյանի խոսքերով, հարցվածների 54 տոկոսը կարծիք է հայտնել, որ երեք տարի հետո կոռուպցիան Հայաստանում կաճի, 20 տոկոսը` որ կնվազի, 26 տոկոսը` որ չի փոխվի:

Իշխանությունների իրականացրած հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության վերաբերյալ պատկերը, Հոկտանյանի խոսքերով, այսպիսին է (հարցումները վկայում են, որ այս տվյալները համընկնում են 60 երկրների միջին ցուցանիշներին). - «54 տոկոսը ասել է, որ արդյունավետ չէ պայքարը, 28 տոկոսը գտնում է, որ արդյունավետ է, եւ 18 տոկոսը գտնում է, որ ոչ արդյունավետ է եւ ոչ էլ արդյունավետ չէ: Այդ տեսակետից նաեւ մոտավորապես ԱՊՀ-ի երկրներին է մոտ այդ ցուցանիշը, եւ նորից եվրոպական երկրները աչքի են ընկնում իրենց հոռետեսական մոտեցումով. նրանք նույնպես բարձր չեն գնահատում պայքարի արդյունավետությունը»:

Որո՞նք են ամենակոռումպացված ոլորտները՝ այս հարցի պատասխանն, ըստ Հոկտանյանի, այսպիսին է. - «Առաջին եռյակը` դատարաններ` 96,5 տոկոս, կրթությունը` 96 տոկոս, եւ ոստիկանությունը` 95,5 տոկոս: Բավական մոտ են` տասնորդական տոկոսներով են ետ մնում կուսակցությունները եւ խորհրդարանը, մասնավոր հատվածը` 92 տոկոս, հարկային մարմինները` 93 տոկոս, կադաստր, նոտար եւ այլն` բոլորը միասին վերցրած` 91 տոկոս, լրատվամիջոցներ` 90 տոկոս»:

Կոռուպցիայի ավելի ցածր տոկոսներով են գնահատված բանակը` 80 տոկոս, հասարակական կազմակերպությունները` 79, եւ կրոնական հաստատությունները` 44 տոկոս:

Ինչ վերաբերում է առօրյա կոռուպցիայի մակարդակին, այսինքն, թե որքան հաճախ են մարդիկ կաշառք տալիս, ապա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Հայաստանի տվյալները, անսպասելիորեն, բարձր չեն` 9,1 տոկոս»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG