Մատչելիության հղումներ

Վենեսուելայի նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները տապալվեցին


Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի նախաձեռնությամբ անցկացված սահմանադրական հանրաքվեն ձախողվել է. Չավեսի ծրագրին դեմ է քվեարկել ընտրողների 51 տոկոսը, կողմ` 49 տոկոսը:

Մայրաքաղաք Կարակասում հեռուստատեսությամբ դիմելով ժողովրդին` Վենեսուելայի նախագահն ասել է. - «Շնորհավորում եմ ընդդիմախոսներիս իրենց հաղթանակի առիթով, սա երկար մարտ էր: Հիմա մեկը կարող է կրկնել իմ խոսքերը` «մենք ձախողվեցինք... այս անգամ»: Սա ես ասել եմ 15 տարի եւ 10 ամիս առաջ՝ 1992 թվականի փետրվարի 4-ին»:

Լրամշակումների իմաստն այն էր, որ Վենեսուելայի նախագահի պաշտոնավարման ժամկետը ներկայիս 5 տարուց երկարաձգվի մինչեւ 7 տարի, իսկ առաջադրվելու իրավունքը ժամկետներով չսահմանափակվի: Ինքը Չավեսը տարբեր առիթներով ասել է, թե ցանկանում է ցմահ նախագահել եւ Վենեսուելան վերածել սոցիալիստական պետության:

Այսօր գործող Սահմանադրության համաձայն` Ուգո Չավեսը նույնիսկ եւս մեկ անգամ վերընտրվելու դեպքում 2013 թվականին պարտավոր է ազատել պաշտոնը:

Վերլուծաբանները նշում են, որ չնայած ձախողմանը` նախագահը վերջնականապես չի հրաժարվի 2013 թվականից հետո վերստին առաջադրվելու մտադրությունից:

1992 թվականի փետրվարի 4-ին Չավեսի առաջնորդած ձախակողմյան ուժերի կազմակերպած հեղաշրջումը ձախողվել էր: Սակայն հենց այդ անհաջողությունից հետո նա մեծ հեղինակություն ձեռք բերեց Վենեսուելայում եւ ընդհանրապես ամբողջ Հարավային Ամերիկայում, որտեղ նրան սկսեցին դիտարկել իբրեւ հալածյալների եւ թշվառների իրավունքների համար կենաց-մահու պայքար մղող ազնիվ առաջնորդի:

Ուգո Չավեսը նախագահ է ընտրվել 1998 թվականին: 2002 թվականին ընդդիմությունը եւ այլախող զինվորականները նրան գահընկեց են արել, սակայն աջակիցների եւ հավատարիմ զինվորականների շնորհիվ Չավեսն ընդամենը երկու օրում վերականգնել է իշխանությունը:

Չավեսն իր դեմ ուղղված գործողությունների համար մեղադրել է ԱՄՆ-ին: Անցած տարիների ընթացքում նա գրեթե բոլոր հրապարակային ելույթներում պնդել է, որ Միացյալ Նահանգները «դատապարտված իմպերիալիստական երկիր է» եւ միջազգային ասպարեզում «անխուսափելիորեն աշխարհաքաղաքական դաժան պարտություն է կրելու»:

Չավեսը հպարտանում է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի բարեկամը եւ զինակիցը լինելու հանգամանքով եւ համոզված է, որ Հարավային Ամերիկայում ինքն է առաջնորդելու ձախակողմյան սոցիալ-քաղաքական պայքարը:

53-ամյա Չավեսին վերագրվում են էքսցենտրիկ արարքներ: Նա ի զորու է ժամեր շարունակ խոսել եւ չհոգնել, նրա հրապարակային ելույթները երբեմն տեւում են մինչեւ վաղ առավոտ:

Չավեսի առաջարկած սահմանադրական լրամշակումներին դեմ էին կաթոլիկ եկեղեցին, մամուլի ազատության ջատագովները, իրավապաշտպանները, անվանի գործարարներ:

Պաշտոնական Վաշինգտոնը ողջունել է Վենեսուելայի սահմանադրական հանրաքվեի արդյունքները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG