Մատչելիության հղումներ

Հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է ավելի քան 15 միլիոն դոլար


«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոբելյանական` 10-րդ հեռուստամարաթոնի ընթացքում, նախնական արդյունքներով, ստացվել է 15 մլն 280 հազար դոլար նվիրատվություն ու նվիրատվության խոստում: Նախորդ տարի հավաքվել է մոտ 13,7 մլն դոլար:

Այդ միջոցները նախատեսված են Հայաստանի Տավուշի մարզի գյուղական զարգացման ծրագրի եւ Ղարաբաղի Մարտունու շրջանի վերականգնման համար:

Ըստ «Հայաստան» հիմնադրամի մամլո քարտուղար Հասմիկ Գրիգորյանի, նման արդյունք ակնկալվում էր` հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի շուրջ 150 գյուղերի համար նախատեսված ծրագրի կարեւորությունը:

«Մի շատ կարեւոր բաղադրիչ ունի այս ծրագիրը, որը պաշտոնապես կոչվում է գյուղական զարգացման ծրագիր: Նախատեսվում է ստեղծել այն տնտեսական լծակները, որոնք կօգնեն, որպեսզի տվյալ մարզում զարգանան մարզի համար բնորոշ ոլորտները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գրիգորյանը:

«Հեռուստամարաթոն-2007»-ի կարգախոսն էր `«Մեկ ազգ, մեկ ապագա»: Հանգանակված 15 միլիոն դոլարի մեջ բավական մեծ է եղել խոշոր նվիրատվությունների տեսակարար կշիռը:

Ինչպես միշտ, խոշոր հանգանակություն է կատարել «Փրոջեքթ քյուռ» կազմակերպությունը, բարերար Վահե Կարապետյանը նվիրաբերել է 1 միլիոն դոլար, իսկ Լուիզ Սիմոն Մանուկյանը եւ Հրայր Հովնանյանը` 500 հազարական դոլար:

Հայաստանյան խոշոր նվիրատուների շարքում են, ըստ Հասմիկ Գրիգորյանի, Կենտրոնական բանկը, «Արդշինինվեստ» բանկը, «Հայկական երկաթգիծ» ընկերությունը, «Ղարաբաղ Տեղեկոմ»-ը, Պաշտպանության նախարարությունը եւ շատ այլ կազմակերպություններ ու անհատներ:

«Այս պահին թող ներող լինեն մյուս կազմակերպությունները, որովհետեւ այս պահին այդ ցուցակները ճշտվում են եւ անպայման լրացված եւ ամբողջական կհրապարակվեն շատ շուտով», - հավելեց Հասմիկ Գրիգորյանը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG