Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հինգշաբթի օրը այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն:

Տեր-Պետրոսյանը, ով առաջին անգամ էր լինում Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակի շենքում, նաեւ հանդիպում է ունեցել կուսակցության ակտիվի հետ:

ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանի փոխանցմամբ` մեկ ժամից ավելի տեւած հանդիպումը «անցել է փոխըմբռնման մթնոլորտում»:

«Նախաձեռնությունը Լեւոն Տեր-Պետրոսյանինն էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Հանդիպման ժամանակ ՀԺԿ-ի ներկայացուցիչները առաջին նախագահին ասել են, որ ժողովրդին հուզում են բազմաթիվ հարցեր, որոնք պետք է պատասխանի առաջին նախագահը: Դեմիրճյանի փոխանցմամբ, Տեր-Պետրոսյանն ինքն էլ ասել է, որ այդ պատասխանները կհնչեն շատ շուտով:

«Հարցերը բազմաթիվ էին, տարբեր բնույթի հարցեր էին», - ասաց ՀԺԿ-ի առաջնորդը: - «Մասնավորապես, կուսակցականները իրենց գոհունակությունը հայտնեցին այն կապակցությամբ, որ առաջին նախագահը հաջորդ նախագահի կարեւորագույն պարտականություններից մեկն է համարում «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության լիարժեք բացահայտումը»:

ՀԺԿ-ն, մինչդեռ, դեռեւս որոշում չի ընդունել նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին:

«Պետք է խորհրդակցենք կուսակցականների հետ, եւ այդ առումով այս հանդիպումը շատ կարեւոր էր եւ օգտակար», - ասաց Դեմիրճյանը` հավելելով. - «Կուսակցությունը իր դիրքորոշումը կարտահայտի պաշտոնական առաջադրումների ժամանակ»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրատանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը զրուցել է լրագրողների հետ, պատասխանել է է վերջիններիս հարցերին:


Աստղիկ Բեդեւյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG