Մատչելիության հղումներ

Հայաստանում հավատարմագրված դեսպանատները «հերթապահություն են սահմանելու Երեւան մտնող ճանապարհներին»


Ընդդիմադիր քաղաքական ուժերի` Ազատության հրապարակում վաղը կայանալիք հանրահավաքի կապակցությամբ, կազմակերպիչներից մեկի պնդմամբ, Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանություններ որոշել են հերթապահություն սահմանել Երեւան մտնող ճանապարհներին:

«Իրենք իրենց համար ուղղակի իրավիճակը ճիշտ հասկանալու համար որոշել են հերթապահություն սահմանել Երեւան մտնող մայրուղիների վրա», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց «Այլընտրանք» նախաձեռնության ղեկավարներից Նիկոլ Փաշինյանը: - «Եվ նրանք իրավիճակը այդ իմաստով վերահսկելու են, որպեսզի հետո ստիպված չլինեն ընդդիմության կամ իշխանության ինֆորմացիայի աղբյուրներից տեղեկանալ, թե ինչ է կատարվել»:

Փաշինյանը հավելեց, որ հսկողություն է սահմանվելու նաեւ մարզերի սահմանագծերի վրա:

«Մենք որեւէ առաջարկ չենք արել», - շարունակեց նա: - «Որքան գիտեմ, շատերը իրենց նախաձեռնությամբ են նման բան անում: Ուղղակի իրենց մասնավոր զրույցներում ասել են այդ նախաձեռնության մասին»:

Վաղվա հանրահավաքում ծրագրված են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ելույթները: Կազմակերպիչները մտահոգություն ունեն, թե իշխանությունը կարող է խոչընդոտներ հարուցել հանրահավաքին մասնակցելու համար մայրաքաղաք եկող մարզերի բնակիչների համար:

Այսօր արդեն կան լուրեր, որ այդ մտահոգությունները անհիմն չեն: Մասնավորապես, «Այլընտրանք»-ի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Կարեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է. - «Մի շարք մարդատար տրանսպորտի վարորդներ արդեն հրաժարվեցին մեզ տեղափոխել Վանաձորից Երեւան, քանի որ իրենց, ըստ իրենց ասելու, արդեն զգուշացվել է, որ չտեղափոխեն»:

«Բայց ես ուզում եմ շեշտել», - հավաստիացրեց Սարգսյանը. - «որ մենք անպայման գնալու ենք: Եթե ճանապարհները փակեն, ոտքով ենք գնալու»:

Վարորդներն իրենք էլ չեն թաքցնում, որ խուսափում են վաղը մարդկանց Երեւան տեղափոխելուց:

«Մարդ էլ չեմ տանելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից մեկը` պատճառաբանելով. - «Շառից, փորձանքից հեռու ենք մնում»:


Ռուզաննա Ստեփանյան եւ Կարինե Սիմոնյան, Վանաձոր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG