Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդ. «Պաշտոնական Մոսկվան եւ Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը»


«Պաշտոնական Մոսկվան եւ Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը, եւ Միացյալ Նահանգները լիահույս է, որ արդյունքում կհաջողվի մի շարք հարցերի շուրջ փոխհամաձայնության գալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը:

Անդրադառնալով անցած շաբաթ Միացյալ Նահանգների պետքարտուղարի եւ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության` Մոսկվա կատարած այցին եւ այդ այցից հետո մամուլում հայտնված այն տեղեկություններին, թե վերջին բանակցություններից հետո երկու երկրների հարաբերությունները ավելի են սրվել` Դենիել Ֆրիդն ասել է. - «Ես մասնակցում էի այդ բանակցություններին եւ կարող եմ ասել, որ նման տպավորությունը սխալ է»:

«Մամուլի հրապարակումները շատ ավելի հոռետեսական էին, քան բանակցությունների իրական արդյունքները: Մենք հաջողություն արձանագրեցինք հակահրթիռային պաշտպանության եւ Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի շուրջ բանակցություններում», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը:

Արեւելյան Եվրոպայում տեղակայելիք հակահրթիռային համակարգերը Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանով փոխարինելու` պաշտոնական Մոսկվայի առաջարկի վերաբերյալ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ասել է. - «Դա շատ հետաքրքիր առաջարկ է, բայց Ռուսաստանի կառավարության դիրքորոշման համաձայն` այդ նախագիծը պետք է այլընտրանք դառնա Եվրոպայում հակահրթիռային համակարգեր տեղակայելու մեր մտադրությանը: Մեր համոզմամբ, սակայն, բանակցությունների սեղանին պետք է լինի թե’ մեկը, թե’ մյուսը»:

«Մենք ուզում ենք արդյունավետ ճանապարհներ գտնել` Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագիրը ուժի մեջ թողնելու համար, եւ Մոսկվա էինք մեկնել այս ուղղությամբ նոր առաջարկներով», - ասել է Դենիել Ֆրիդը եւ ընդգծել. - «Այո, մենք մի շարք տարաձայնություններ ունենք` թե’ էներգետիկ խնդիրների, թե’ ժողովրդավարության, թե’ հարեւանների հետ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ: Սակայն, կարծում ենք, այս հարցերի վրա կենտրոնանալու փոխարեն անհրաժեշտ է մերձեցնել մեր տեսակետները այնտեղ, որտեղ դրանք համընկնում են»:

Պետքարտուղարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ ռազմավարական հարցերում Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պետք է համագործակցեն:

«Ռուսները անցած շաբաթ հասկացան, որ մենք լրջորեն ենք տրամադրված եւ հանդես ենք գալիս նոր առաջարկներով, եւ իրենք էլ արձագանքեցին բավական կառուցողական ձեւով», - ասել է Ֆրիդը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG