Մատչելիության հղումներ

Հանդիպել են Լեւոն Տեր-֊Պետրոսյանը եւ Վազգեն Մանուկյանը


Երեկ Երեւանում՝ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի տանը հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի եւ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի միջեւ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը եւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Մեր մեջ կար պատնեշ` անձնական հարաբերությունների, սեղանի շուրջ որ նստում ես, այդ պատնեշը կորում է, բայց քաղաքական դիրքորոշումները դրանից չեն փոխվում», - ասաց Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

1993 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ անձնական այլ հանդիպում Վազգեն Մանուկյանը դժվարացավ հիշել:

Նրա խոսքերով, երեկվա հանդիպումից հետո էլ «Լեւոն Տեր-Պետրոսյանը մնաց իր քաղաքական դիրքորոշումների վրա, ես մնացի իմ քաղաքական դիրքորոշումների վրա». - «Ուղղակի հետագայում եթե պետք լինի իրար հետ աշխատել, ինչ-որ ինֆորմացիա փոխանակել, կարծիքներ փոխանակել, քանի որ անձնական հարաբերությունները վերականգնվեցին` ավելի հեշտ կլինի»:

«Հետագայում իրար հետ աշխատել` նաեւ կարող է մի պահի նշանակել, որ որեւէ մեկդ մյուսին պետք է սատարի, դա դուք հնարավոր համարո՞ւմ եք», - այս հարցին ԱԺՄ-ի առաջնորդը արձագանքեց. - «Նախ եւ առաջ, Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ, երեկվա խոսակցությունից էլ ես հասկացա, չի որոշել` դնելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ: Իհարկե, ինքը իրավունք ունի դնելու, բայց ես ավելի հարմար կգտնեի, որ ինքը քաղաքական դաշտում մնալով առաջին նախագահ` օգտակար լիներ այն միասնական քաղաքական դաշտի ձեւավորմանը, որը միգուցե իմ միջոցով կգնար, միգուցե` ոչ, բայց ինքը նպաստավոր լիներ եւ ոչ թե իր վրա վերցներ դա»:

Ընդ որում, Մանուկյանը նշեց, որ իր «միգուցե` ոչ» արտահայտությունը «կեղծ համեստությունից» էր:

Նախկին արտգործնախարար, Հայոց համազգային շարժման անդամ Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «[Հանդիպման] Արդյունքների մասին, թերեւս, շուտ է խոսելը: Ինքը փաստը շատ կարեւոր է: Շատ կարեւոր է, երբ այսօր վտանգված է Հայաստանի անկախությունը, որ այդ անկախության ակունքներում կանգնած երկու քաղաքական գործիչ, ղարաբաղյան շարժման ղեկավարները միասին հանդես գան»:

«Ո՞ւմ շուրջը համախմբվեն», - այս հարցին Արզումանյանը պատասխանեց. - «Ես` լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից, պարզ է, որ ամեն կերպ նպաստելու եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբմանը: Սակայն ես գտնում եմ, որ թե’ Տեր-Պետրոսյանը, թե’ Վազգեն Մանուկյանը ավելի շատ մտահոգ են ոչ թե իրենց անձի ապագայով, այլ Հայաստանի Հանրապետության ապագայով, եւ նրանք կառաջնորդվեն հենց Հայաստանի շահով»:

Նրա կարծիքով, «պայքարի տրամաբանությունը կհանգեցնի միասնական թեկնածուի առաջադրմանը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG