Մատչելիության հղումներ

10 տարվա լռությունից հետո խոսեց Հայաստանի առաջին նախագահը


«Ես ուզում եմ ընդգծել, որ 16-րդ տարին թեեւ թվում է սովորական, ոչ հոբելյանական, բայց նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները ես համարում եմ շրջադարձային տարի: Մենք այսօր կանգնած ենք ճամփաբաժանի առջեւ, մեծ երկընտրանքի առջեւ: Ունենք երկու ճանապարհ` մեկը պահպանել այն, ինչ այսօր գոյություն ունի, այսինք, պետության ավելի շուտ իշխանության վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգուկանոնով: Լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի այսպիսի ռեժիմների շարքը եւ այս իշխանության գոյատեւումը ոչինչ չի խոստանում, որ մենք կարող ենք երբեւէ դուրս գալ այս վիճակից», - ուրբաթ օրը գրեթե տասնամյա լռությունից հետո Անկախության տոնի առիթով ՀՀՇ-ի կազմակերպած ընդունելությանը ունեցած ելույթում ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Այսօր խնդիրը այս համակարգը կազմաքանդելու, այս համակարգից ազատվելու խնդիրն է»:

«Անցել է 16 տարի, մեր օրոք 8, սրանց օրոք` ավելի շատ: Ես ցավով եմ ընդգծում, որ մեր ժողովրդի մեջ, դա գուցե նաեւ մենք ենք մեղավոր, որ չկարողացանք բացատրել, չկարողացանք հասցել նրան, չկա այն գիտակցությունը, որ այսօր հայ ժողովրդի առջեւ կանգնած, Հայաստանի, մեր պետության առջեւ կանգնած գերագույն խնդիրը, որից կախված է ե’ւ Հայաստանի ապագան, ե’ւ մեր ժողովրդի բարօրությունը, ե’ւ մեր տնտեսության բարգավաճումը, Ղարաբաղի խնդրի կարգավորումն է: Եթե չլինի այս գիտակցությունը, ինձ թվում է, ոչինչ անել պետք չէ: Գնանք նստենք մեր տները եւ սպասենք, թե ինչպես Հայաստանը վերածվում է երրորդ աշխարհի մի երկրի, որի միակ կապիտալը լինելու է աշխատանքի արտահանումը: Ուրիշ ոչինչ չունենք»:

«Սա չեմ ուզում ասել, որպեսզի թեւաթափ լինենք», - շարունակեց նա: - «Հայաստանը ունի ռեսուրսներ: Հայաստանի ամենամեծ ռեսուրսը նրա բացվածությունն է աշխարհի առջեւ... Եթե այսպես մնանք փակված, մենք կվերածվենք բնատնտեսության, որի վախճանը շատ աղետալի կարող է լինել: Մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլ պիտի մտածենք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին: Այս իշխանությունների ամենամեծ հանցանքը, ինձ թվում է, հենց այստեղ է: Ղարաբաղի հարցի կարգավորումը այս տասը տարիների ընթացքում համարյա թե հասել է անհուսալի վիճակի: Եթե դուք հետեւում եք Ադրբեջանի արձագանքներին, ապա կտեսնեք, որ նրանց դիրքը քանի գնում կոշտանում է, այսուհետեւ նրանք ոչ մի փոխզիջման չեն գնալու: Ես չգիտեմ ինչ է հնարավոր անել այս վիճակից դուրս գալու համար: Բայց վիճակը դեռեւս անհուսալի չեմ համարում, հնարավոր է փորձել վերադառնալ նորմալ երկրների շարքը: Ես մնացյալ խնդիրների լուծումը շատ լավ տեսնում եմ: Հնարավոր է այս կոռուպցիոն կառույցը լիովին կազմալուծել, հնարավոր է վերականգնել Հայաստանում օրենքի իշխանությունը, հնարավոր է դատարանները, դատախազությունը, իրավապահ մարմինները վերածել իրենց բուն ֆունկցիան կատարող օրգանների, այլ ոչ թե այս մաֆիոզ կառույցների հանցանքները թաքցնող եւ միայն քաղաքական հետապնդումների գործիք ծառայելու կոչված նրանց կոչումը: Հնարավոր է եւ շատ իրական վերակագնել դեմոկրատական ազատությունները Հայաստանում....Ըստ էության այսօրվա վիճակը շատ նման է բրեժնեւյան շրջանի լճացման տարիներին... Լճացում, որը բերում է պետության հիմքերի բացարձակ նեխման ու փտման: Խորհրդային Միությունը կործանվեց Բրեժնեւի լճացման տարիներին: Այսօր նույն վիճակն է, ամենավտանգավոր վիճակը, որովհետեւ դա չի երեւում, ժողովուրդը չի գիտակցում եւ դժվար է ժողովրդին հասցնել... Հեռուստատեսությունը փակ է.....Ինչեւէ, սա մեկ ճանապարհն էր... Մյուս ճանապարհը մեր արժանապատվությունը վերագտնելու, ժողովրդին իր երկրի տերը դարձնելու ճանապարհն է, պետական այն բոլոր կառույցների առողջացման ճանապարհը, որոնք ես նշեցի: Դա հնարավոր է իրականացնել, թեեւ իշխանությունները շատ հզոր են: Շատ հզոր են իրենց իրավապահ մարմիններով, իրենց հատկապես պետական ապարատով` նախագահից մինչեւ վարչապետ, մարզպետներ, թաղապետներ: Ես այս շարքում չեմ ընդգրկում այսպես կոչված օլիգարխներին: Մի խաբվեք, հրաժարվեք անգամ այս բառից, սա ե'ւ վիրավորական, ե'ւ սխալ տերմին է: Նրանք ձեռնարկատերեր են, դրանք գործարարներ են եւ դրանք այս իշխանության սյուները չեն, եթե կուզեք իմանալ: Գործարարները այս իշխանության զոհերն են... Եվ մի մտածեք, որ այդ մարդիկ հարկեր չեն վճարում, նրանք վճարում են այդ հարկերը, գուցե եւ ավելին, քան պիտի վճարեին օրենքով, բայց այդ հարկերը չեն մտնում բյուջե: Դրանք գնում են գիտեք ում գրպանը»:

Խոսելով «անձամբ» իր մասին` Տեր-Պետրոսյանը ասաց. - «Չեմ թաքցնում, չեմ էլ կարող սեթեւեթել, ես հետեւում եմ այս պրոցեսներին, որոնք ընթանում են: Բոլորս հասկանում ենք, որ իսկապես բախտորոշ վիճակ է եւ բոլորս հասկանում ենք, որ պետք է դուրս գալ սրանից: Բանալին էլ բոլորը ճիշտ են ըմբռնել, այս իշխանություններից ազատվելու միակ ճանապարհը առկա բոլոր քաղաքական, հասարակական, մտավոր, հոգեւոր ուժերի միահամախմբումն է մեկ միասնական թեկնածուի շուրջ: Ուրիշ ճանապարհ չկա: Այս 10 տարվա փորձը ցույց տվեց, որ մնացած ճանապարհները հաջողություն չեն բերում: Ես կողջունեի ցանկացած մեկին, որը կհավակներ այդ միասնական թեկանոծւի դերին եւ նրան կհաջողվեր իր շուրջը համախմբել բոլոր ուժերին եւ իմ ամբողջ կարողությամբ, իմ ազդեցությամբ ես կնպաստեի այդ պրրոցեսին»:

«Ինչ վերաբերում է ինձ` ես այսօր դեռ որոշում չունեմ: Ես դեռ ուսումնասիրում եմ, ես դեռ կշռում եմ, ես դեռ քննում եմ: Իմ մոտեցումը զուտ քաղաքական է: Ես չեմ կարող առաջնորդվել զուտ էմոցիաներով, արկածախնդրությունը խորթ է իմ խառնվածքին: Մինչեւ ես չիմանամ իմ կատարելիք քայլերի արդյունավետությունը, ես քայլ չեմ անի: Կա, իհարկե, մթնոլորտի փոփոխություն, կա տրամադրությունների փոփոխություն, բայց դա դեռեւս այսօրվա իմ գնահատականով կոնդիցիայի չի հասել եւ դժվար է հասցնել: Դժվար է, քանի որ հեռուստատեսությունը 17 ալիքով ամեն օր մտնում է 2 միլիոն հայի տուն: Դա հաղթահարելու ձեւերը մենք պետք է գտնենք»:

«Միայն մի բանում մի կասկածեք», - եզրափակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Եթե տեսնեմ, որ որեւէ օգտակար դերակատարություն կարող եմ ունենալ այս ժողովրդին եւ մեր երկիրը այս վիճակից դուրս բերելու, ես որեւէ ջանք չեմ խնայի»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG