Մատչելիության հղումներ

Storm International-ը կառավարման է վերցրել Կոտայքի մարզում գործող «Կլեոպատրա» խաղատունը


Ռուսաստանյան Storm International ընկերության մամուլի քարտուղար Լավրենտի Գուբինը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատեց, որ ընկերությունը կառավարման է վերցրել հայաստանյան խաղատներից մեկը:

«Մենք կառավարման հիմունքներով տնօրինելու ենք Կոտայքի մարզում գործող «Կլեոպատրա» խաղատունը», - ասաց Գուբինը` չցանկանալով հրապարակել իրենց հայաստանյան գործընկերների անունները:

Լավրենտի Գուբինի խոսքերով, իրենց իրականացրած նախնական վերլուծությունները ցույց են տվել, որ Հայաստանում առավել հավասարակշռված եւ ճիշտ մոտեցում է ցուցաբերվում խաղային բիզնեսի նկատմամբ: Storm International-ի մամուլի քարտուղարը դա պայմանավորում է համապատասխան օրենսդրական դաշտով:

Հայաստանում գործունեություն ծավալելուն, ըստ Գուբինի, բացասական իմաստով նպաստել է նաեւ «Խաղատների մասին» ռուսաստանյան նոր օրենքը. - «Բոլորին է հայտնի խաղային բիզնեսի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում եւ այն օրենքները, որոնք ներկայումս ընդունված են այստեղ, ցավոք, ստիպում են մեզ նոր հնարավորություններ փնտրել Ռուսաստանի սահմաններից դուրս»:

Այս շաբաթվա սկզբին ռուսաստանյան մամուլը հաղորդել էր, որ Ռուսաստանի խաղային բիզնեսում մեծությամբ երկրորդ ընկերությունը՝ Storm International-ը մտադիր է 300 միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանում եւ կառուցել զվարճանքի համալիր` խաղատնով, իսկ հաջորդ տարվանից Հայաստանում ստեղծել խաղադահլիճների ցանց:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG