Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը «Նախորդ հանցավոր» վերնագրի ներքո գրում է. - «Մեր աղբյուրները նշում են, որ ամեն անգամ, երբ որեւէ մեկը արդարացի բողոքով դիմում է Սերժ Սարգսյանին` այս կամ այն պրոբլեմատիկ խնդիրը լուծելու խնդրանքով, վերջինս ոչ թե փորձում է արդարացնել իշխանության գործած սխալը, այլ լիովին համաձայնում է բողոքավորի հետ: Սրանից հետո նա անսպասելի հայտարարում է, որ տեղի ունեցողը իր սրտով էլ չէ, եւ եթե իրեն մնար, այդ հարցը ամենեւին էլ այդպիսի ընթացք չէր ստանա»: «Իհարկե, սա Սերժ Սարգսյանի կողմից կիրառվող նախընտրական տակտիկա է, սեփական անձի մաքրազերծմանն ուղղված գործընթաց», - շեշտում է թերթը` ամփոփելով. - «Մյուս կողմից, սակայն, դժվար է պնդել, որ այս պրոցեսը շուտով չի հանգեցնի նրան, որ Ռոբերտ Քոչարյանը հայտնվի «նախորդ հանցավոր» իշխանության դերում»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում դիտարկել է. - «Երբ փորձում ես վերլուծել Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի խճանկարը, տեսնում ես, որ մեծամասնությունը մայիսի 12-ի ընտրություններում պարտված կուսակցություններ են՝ չեն հաղթահարել Ազգայի ժողովի նվազագույն շեմը։ Ամենաբարձր շեմերից մեկը ուներ Արամ Կարապետյանը, որն արդեն իսկ հայտարարել է թեկնածու առաջադրվելու մասին։ Սպասենք 5 տոկոսը չհաղթահարած, բայց որոշակի ընտրազանգված ունեցող կուսակցությունների լիդերների հայտարարություններին»։

«Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանի պատկերմամբ` Լեոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման մասին խոսակցությունները «մեծ աշխուժություն են առաջացրել ՀՀ քաղաքական աշխատաշուկայում»: «Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իշխանություններն այս անգամ կարգին վախեցել են։ Հակառակ դեպքում չէին դիմի այդ «աշխատուժի» օգնությանը», - գրել է մեկնաբանն ու հասցեագրել. - «Օրինակ, ինչո՞վ պիտի զբաղվեր այլեւս նախկին պատգամավոր Շավարշ Քոչարյանը, եթե չլիներ «Լեւոնի թեման»։ Ճիշտ է, պիտի բացօթյա գարեջրատներից մեկում գարեջուր խմեր եւ անցած-գնացած օրերի մասին հուշ պատմեր իրեն հյուրասիրողներին։ Իսկ հիմա՝ խնդրեմ. մարդը պահանջարկ ունի, հեռուստաէկրաններից չի իջնում։ Կամ հետաքրքիր է, ինչ պիտի աներ Արամ Կարապետյանը, եթե իշխանությունները չվախենային Լեւոն Տեր-Պետրոսյանից։ Առանձնապես ոչինչ. կգնար այնտեղ, որտեղից եկել է ու կշարունակեր զբաղվել փոքր բիզնեսով։ Իսկ հիմա Փարաքարի արծվի նկատմամբ դարձյալ «սպրոսը» մեծ է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ իշխանությանը պետք է ընդդիմության միավորվելուն դեմ արտահայտվող ընդդիմադիր»։

«Առավոտ»-ի խմբագրականն այսօր զետեղել է թերթի պատվերով APR group սոցիոլոգիական խմբի անցկացրած հարցման արդյունքները, որոնց համաձայն, հայաստանցիների միայն 3 տոկոսն է, որ «լիովին համոզված է», որ «Հայաստանի իշխանությունները ձեւավորվում են արդար ընտրությունների միջոցով»։ Նման պնդմանը «համաձայն է» 26,1 տոկոսը, «համաձայն չէ» 44,6 տոկոսը, «կտրականապես համաձայն չէ» հայաստանցիների 22,8 տոկոսը։ Հարցվածների 73,6 տոկոսը պատասխանել է, որ «ՀՀ քաղաքացիները օրենքով պաշտպանված չեն»։ Սոցիոլոգների հարցին` «եթե նախագահի ընտրությունները անցկացվեին այս կիրակի օրը, ու՞մ օգտին կքվեարկեիք», հարցվողների 11,5 տոկոսը գերապատվությունը տվել է Սերժ Սարգսյանին, 8,4 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 2,9 տոկոսը՝ Լեոն Տեր-Պետրոսյանին»։ Ըստ հարցման, բոլորին դեմ է արտահայտվել հարցվածների 16,3 տոկոսը: 37,9 տոկոսը դեռեւս «չի կողմնորոշվել»։

«Ժամանակ Երեւան»-ը «Տիտանների կռիվը» վերնագրի ներքո գրում է. - «Գեներալ Մանվելը դժգոհ է Սեյրան Սարոյանի պահվածքից, որը հայերեն ասած` «տեղը չի բերում», թե ում հետ գործ ունի եւ ինչ-ինչ հարցերում չափն անցել է: Իսկ Մանվել Գրիգորյանը` իր «թմով» որոշել է սրան իր տեղը ցույց տալ: Գեներալ Մանվել Գրիգորյանի տղերքը մի լավ տուր են տվել Սարոյանի մոտիկներին, մասնավորապես` Նիկոլ եւ Արծիվ անուններով երկու անձի: Ծեծը դաժան է եղել, անգամ լուրեր կան, որ փորձել են ծեծվողներին գցել Մանվել Գրիգորյանի արջերի վանդակը, սրանց փրկել է զոհերից մեկի վատ զգալը»: «Դե, ի՞նչ կա որ` Գագիկ Ծառուկյանը իր առյուծներով մարդ կվախեցնի, գեներալ Մանվելն իր արջերով նույնը չի՞ անի», - ընդգծում է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG