Մատչելիության հղումներ

Վախճանվել է Էդուարդ Իսաբեկյանը


Կիրակի օրը, երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո, 93 տարեկանում վախճանվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:

Էդուարդ Իսաբեկյանը Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր է, արժանացել է «Մեսրոպ Մաշտոց» եւ «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» շքանշանների:

Ծնունդով իգդիրցի գեղանկարիչը «Իգդիր» հայրենակցական միության ցմահ պատվավոր նախագահն էր:

Էդուարդ Իսաբեկյանը հեղինակն է նաեւ 5 տարի առաջ հրատարակված եւ մեծ ճանաչում գտած «Իգդիր» փաստավավերագրական վեպի:

Ականավոր գեղանկարչի մահվան կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Իսաբեկյանների ընտանիքին: Ուղերձում, որը տարածել է նախագահի մամլո գրասենյակը, մասնավորապես, ասված է. - «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի մահվան մասին: Նրա կտավները, որ կրում են հայ կերպարվեստի լավագույն ավանդույթների կնիքը, արժանացել են ժողովրդի բարձր գնահատանքին»:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Էդուարդ Իսաբեկյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Սերժ Սարգսյանը, ով կառավարության եւ իր անունից խորին վշտակցություն է հայտնել նրա հարազատներին, մերձավորներին եւ նրա արվեստի բոլոր երկրպագուներին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց անվանի գեղանկարչի որդին` Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Էդուարդ Իսաբեկյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը` Սայաթ-Նովա, 5 հասցեում:

Հուղարկավորության համար ստեղծված կառավարական հանձնաժողովը` փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան մեծ դահլիճում տեղի կունենա վերջին հրաժեշտը նկարչին, այնուհետ` հուղարկավորության արարողությունը` Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG