Մատչելիության հղումներ

Ազատազրկված ազատամարտիկների զորակիցները առաջարկում են Քրեական օրենսգրքից հանել 301 հոդվածը


Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն այսօր հանդես է եկել հայտարարություն-առաջարկով` կոչ անելով հայաստանյան քաղաքական ուժերին եւ իրավապաշտպան կազմակերպություններին Քրեական օրենսգրքից 301 հոդվածը «ամբողջությամբ հանելուն կամ էապես փոփոխելուն ուղղված գործընթաց նախաձեռնել»:

«Քրեական օրենսգրքի 301 հոդվածը խոսքի ազատությունը սահմանափակող հոդվածներից է: Այն կիրառելի է բացառապես նախընտրական եւ հետընտրական ժամանակաշրջանում` ընդդիմադիրների խոսքի եւ հանրահավաքների իրավունքը սահմանափակելու նպատակով», - ասված է հայտարարությունում:

Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի անդամներ Արմեն Աղայանն ու Արմեն Եղյանը այսօր կազմակերպված քննարկման ժամանակ առաջարկեցին նախ ստուգել 301 հոդվածի սահմանադրականությունը, ապաեւ` այն ընդհանրապես հանել Քրեական օրենսգրքից կամ բովանդակությունը փոխել այնպես, որ հոդվածը վերաբերի միայն որոշակի կոչերին, որոնց «հետեւել են իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված, հանրային վտանգ ներկայացնող կոնկրետ գործողություններ»:

Քննարկմանը մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից եւ իրավապաշտպաններից ոմանք, սակայն, կարծիք հայտնեցին, որ հոդվածը փոխելով չի լուծվի քաղբանտարկյալների խնդիրը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, օրինակ, ասաց, որ եթե «սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի» համար պատիժ սահմանող հոդվածը հանվի, իշխանությունները իրենց համար ոչ ցանկալի քաղաքական գործչին կազատազրկեն Քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով: Որպես ապացույց Հարությունյանը բերեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի ազատազրկումը` փողերի լվացման մեղադրանքով:

«Քրեական օրենսգրքում կարող են լինել լավ եւ վատ հոդվածներ. դրանք կիրառվում են վատ նպատակներով միայն անօրինական իշխանությունների դեպքում», - ասաց նա` պնդելով, թե օրինական ընտրությունների ճանապարհով ձեւավորված իշխանությունների օրոք «վատ հոդվածները կմոռացվեն». - «Դրանք կմնան գրված թղթի վրա, բայց երբեք չեն կիրառվի»:

«Շեշտը պետք է դրվի անօրինական ճանապարհով իշխանության եկած մարդկանցից ազատվելու վրա», - շարունակեց իրավապաշտպանը` փաստարկելով. - «Որովհետեւ այդ մարդիկ միշտ Քրեական օրենսգրքում կգտնեն մի հոդված կամ մի բառ, որով կարելի է մեղադրել Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Հարությունյանին կամ ցանկացած մեկին»:

Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով, մինչդեռ, քաղբանտարկյալների խնդրի լուծումը չպետք է պայմանավորել իշխանափոխությամբ:

«Քաղաքական գործիչները թող մտածեն իշխանափոխության մասին, բայց չկապեն քաղբանտարկյալներին իշխանափոխության հետ», - ասաց Իշխանյանը` շարունակելով. - «Որովհետեւ երբեմն իմ մեջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ քաղբանտարկյալներին լրատվամիջոցները եւ այլն որպես զենք ուզում են օգտագործել իշխանության դեմ: Սա ես համարում եմ շատ սխալ կեցվածք»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG