Մատչելիության հղումներ

Կիրո Մանոյան. «Դաշնակցությունը ընտրությունների հարցում լիբանանցիներին նոր բան սովորեցնելու կարիք չունի»


Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը երեքշաբթի օրը, անդրադառնալով Լիբանանում անցած կիրակի կայացած լրացուցիչ խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության դերակատարությանը վերաբերող Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելի հայտարարությանը եւ հայաստանյան մամուլում դրա արձագանքներին, հայտարարեց, թե «Դաշնակցությունը ընտրությունների հարցում լիբանանցիներին նոր բան սովորեցնելու կարիք չունի»:

«Եթե մենք Հայաստանում 16 տարի է, որ ընտրություններ ունենք, Լիբանանում արդեն 50 տարի է` իրենց անկախությունից ի վեր, անում են ընտրություններ այնպես, ինչպես անում են: Հայությունը (եւ ոչ Դաշնակցությունը) նոր բան սովորեցնելու կարիք չունի լիբանանցիներին: Ընտրակեղծիք եթե կա, թող փաստեն... Պարզ է, որ պարտվող կողմը մի բանով պիտի արդարացնի իր պարտությունը»:

Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելը, որը ձայների չնչին տարբերությամբ պարտություն էր կրել կիրակի օրը տեղի ունեցած լրացուցիչ խորհրդարանական ընտրություններում, պահանջել է կրկնական ընտրություններ անցկացնել Բեյրութի Բուրջ-Համուդ թաղամասում` պնդելով, որ հայկական համայնքում քվեարկությունը կեղծվել է: Նա նաեւ ասել էր, թե Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը համագործակցում է իր հակառակորդի կուսակցության հետ, ճնշում է գործադրել ընտրողների վրա:

Ավելի ուշ, սակայն, ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, Ամին Ժմայելը ընդունել է իր պարտությունը:

Լիբանանյան ընտրություններում Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության դիրքորոշումը նախկին նախագահ Ամիլ Ժմայիլին պաշտպանելու մասին, կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացատրեց հետեւյալ կերպ. - «Հնչակյան կուսակցությունը, առաջնորդվելով գաղութային շահերից, համագործակցում է իշխանական թեւի հետ, որը վարում է մի այնպիսի քաղաքականություն, որը համահունչ է ժողովրդի ցանկությունների հետ»:

«Ավանդական կուսակցությունները սփյուռքում պարտավոր են համագործակցել հանուն գաղութի շահերի», - շարունակեց նա` հավելելով, որ Մերձավոր Արեւելքից այժմ մեծ է հայերի արտագաղթը, իսկ գաղութի պահպանումը «ամենակարեւոր խնդիրը պետք է լինի» ավանդական կուսակցությունների համար: - «Այդ ֆոնի վրա, ես կարծում եմ, որ, համենայն դեպս, պետք է առաջնորդվել տվյալ երկրի շահերով. ոչ թե պրոսիրիական լինել, կամ պրոամերիկյան... Տվյալ դեպքում, ես կարծում եմ, որ Դաշնակցության դերակատարությունը դրական արդյունք չի տալու»:


Ռուզաննա Ստեփանյան եւ Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG