Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 21-ը հուլիսի)

Դրականապես որակելով իր պաշտոնից հեռացող Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի՝ երրորդ անգամ չառաջադրվելու ցանկությունը` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը այդ երեւույթը արտարկել է հայաստանյան իրողությունների վրա. - «Նման միանշանակ հավաստիացումներ Ռոբերտ Քոչարյանից մենք, կարծես թե, չենք լսել, ինչը որոշակի կասկածների տեղիք է տալիս՝ գուցե ՀՀ նախագահը ինչ-որ խորամանկ «իրավական» ելքեր գտնի՝ աթոռին մնալու համար։ Մի խոսքով, այս առումով Ղարաբաղը Հայաստանից մի քայլ առաջ է՝ ժողովրդավարական պետություն կառուցելու գործում»։ «Երկրորդ դեղամիջոցը», - ըստ խմբագրականի, - «երեկ տվեց Լեռնային Ղարաբաղի նախագահի արդեն նախկին թեկնածու Մասիս Մայիլյանը. նա հայտարարեց, որ, չնայած ընտրություններում թույլ տրված խախտումներին, շնորհավորելու է նախագահ ընտրված Բակո Սահակյանին։ Դա էլ քաղաքական մշակույթի մի օրինակ է, որով Հայաստանը 17 տարվա ընթացքում չի կարող պարծենալ... Այս երկու փաստերը աղոտ հույս են տալիս, որ այս անգամ էլ գուցե Հայաստանի համար մի ինչ-որ լավ բան Ղարաբաղից կսկվի»։

Առաջիկա նախագահական ընտրություններում հայաստանյան ընդդիմության շանսերին անդրադառնալով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը գնահատել է. - «Այսօր մեր հասարակությունը չի համարում ընդդիմությանը ազդեցիկ ուժ։ Եվ, մեծ հաշվով` ոչ էլ զգում է նրա կարիքը։ Վերջին տարիների ընթացքում նա տանուլ տվեց ու ձախողեց այն ամենը, ինչն ընդհանրապես հնարավոր էր տանուլ տալ ու ձախողել։ Եվ արդեն ոչ ոք չի դիտարկում նրանց որպես լուրջ այլընտրանք։ Մինչդեռ, ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը նախագահական ընտրությունների մրցարշավին անհրաժեշտ է երկրին։ Միայն թե՝ ոչ հոգնակի թվով։ Հարկավոր է միասնական թեկնածու։ Այո՛, այդ թեկնածուն ի վիճակի չէ մրցակցել իշխանության թեկնածուի հետ «մրցութային» ծրագրում։ Բայց հասարակությունն իրավունք ունի ակնկալել գոնե «ցուցադրական ելույթ»։

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Վճռաբեկ դատարանում դատարանների նախագահների խորհրդի անդամների հետ երեկ կայացած հանդիպման «փակ մասի ժամանակ» նախագահ Ռոբերտ Քոչարյանի «մատ է թափ տվել ներկա դատավորների վրա»։ Ըստ այդ լուրերի, «նրա զայրույթի հիմնական պատճառը եղել է Պարգեւ Օհանյանը, որը մի քանի օր առաջ համարձակվել է արդարացնել «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարությանը. - «Կարելի է ենթադրել, որ նա դատավորներին հիշեցրել է, թե ով է իսկապես որոշում՝ ով պետք է նստի, իսկ ով՝ ոչ, եւ եթե դատախազությունը նրանց ասում է, որ այս կամ այն մարդը պետք է նստի, նշանակում է այդ ամենը ճշտված է»։ «Իսկ ինչ վերաբերում է դատավորներին, նրանք կոչված են կյանքի կոչել շեֆի կամքը», - գրել է թերթն ու հավելել. - «Այսքանից հետո, կարծում ենք, ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը հասկացել է, թե ինչպես պետք է վարվի «Ռոյալ Արմենիայի» գործի հետ, որն արդեն գտնվում է նրա ղեկավարած դատարանի վարույթում»։

Նույն հանդիպմանը անդրադառնալով` «Ժամանակ-Երեւան» թերթի խմբագիրը որակել է. - «Նման հանդիպումները միայն մի բանի մասին են խոսում՝ այս բոլոր անձանց ու համակարգերի լծակները պրն Քոչարյանը պահում է իր ձեռքում։ Սրանք բոլորը նրա հլու եւ հնազանդ ենթականերն են՝ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ եւ կազմակերպչական կառուցվածք ունեն։ Երեկ եւս, հանդիպելով դատավորների հետ, երկրի առաջին դեմքը խոսել է դատական համակարգի անկախությունից, անկողմնակալությունից, բարեփոխումներից»։ Այնինչ, ըստ խմբագրականի` «այդ նույն դատավորները չեն թաքցնում, որ իրենց կախվածությունը գործադիր իշխանությունից եւ, մասնավորապես՝ Բաղրամյանի վրա գտնվող շենքից հասել է աբսուրդի աստիճանի». - «Եթե անցյալում նրանցից պահանջվում էին երբեմն-երբեմն կատարել իրենց հրահանգները, ապա այժմ պահանջը փոխվել է՝ այժմ համատարած հրահանգավորում են։ Իսկ երբ չեն հրահանգավորվում՝ իրենք են վազում իրենց վարույթում եղած գործերի մասին զեկուցելու եւ հրահանգ ստանալու»։

«Հացի թանկացում կարող էր եւ չլինել» վերնագրի տակ «168 ժամ» պարբերականը փոխանցել է. - «Մամուլի հրապարակումներում թանկացումները կապվում էին մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած պատգամավորության այն թեկնածուների հետ, ովքեր զբաղվում են ցորենի ներկրմամբ։ Ընտրությունների եւ թանկացումների միջեւ կապը հետեւյալն էր՝ «իրենց ծախսը ժողովրդից են հանում»։ Որպես հիմնավորում ներկայացվում էր նախկին փորձը, երբ 2003 թվականի ընտրություններից հետո տեղի ունեցան կտրուկ թանկացումներ»։ «Իրականում ամեն տարի ցորենի միջազգային շուկայում սեզոնային թանկացումներ են լինում, եւ այս տարին էլ բացառություն չէ», - նկատել է թերթն ու եզրահանգել. - «Սակայն Հայաստանում տեղի ունեցած թանկացումները, ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, արդարացված չեն, դրանից կարելի էր խուսափել։ Հետեւաբար, թանկացումների եւ ընտրությունների կապը հեռու չէ տրամաբանությունից»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG