Մատչելիության հղումներ

Հայաստանի մարզիկները մասնակցում են Եվրոպայի երիտասարդության Օլիմպիական 9-րդ փառատոնին


Կիրակի օրը Սերբիայի մայրաքաղաքում տեղի կունենա Եվրոպայի երիտասարդության Օլիմպիական 9-րդ փառատոնի բացումը: Փառատոնին մասնակցում է 49 երկիր, այդ թվում` Հայաստանը:

Օլիմպիական կրակը Աթենքից արդեն բերվել է Բելգրադ: Հունաստանի Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Իսիդորոս Կուվելոսը այն փոխանցել է Եվրոպայի երիտասարդության Օլիմպիական 9-րդ փառատոնի կազմկոմիտեի ղեկավար Ռադմիլա Հրուստանովիչին:

Հայաստանի երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարության մամլո ծառայության ղեկավար, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ 3ուրա Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց, որ Հայաստանի պատվիրակության կազմում 28 մարդ է, այդ թվում 18 մարզիկ, 7 մարզիչ եւ մեկ մրցավար:

«Մեր երիտասարդները հանդես կգան սպորտային մարմնամարզության, սեղանի թենիսի, լողի, թեթեւ ատլետիկայի եւ այլ մարզաձեւերում», - ասաց 3ուրա Ալեքսանյանը:

Շաբաթ օրվանից մարզիկները հավաքվում են Բելգրադում: Մրցումները սկսվում են կիրակի օրը եւ կավարտվեն հուլիսի 27-ին:

Եվրոպայի երիտասարդության Օլիմպիական առաջին փառատոնը կայացել է 1991 թվականին. այն ժամանակ մրցումներն անվանել են Եվրոպայի երիտասարդության Օլիմպիական խաղեր: Ինչպես եւ օլիմպիական խաղերում, երիտասարդները պայքար են մղում թե ամառային եւ թե ձմեռային մարզաձեւերում:

Եվրոպայի երիտասարդության Օլիմպիական ձմեռային փառատոնի մրցումները տեղի են ունենում 2001 թվականից: Վերջին ձմեռային մրցումներն անցկացվել են այս տարվա փետրվարին Իսպանիայում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG